Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է «Էվերթոնի» դեմ Անգլիայի առաջնության տնային հանդիպումը:
«Ես գոհ եմ հաղթանակից և այն բանից, թե ինչպես խաղացինք առաջին 25 րոպեներից հետո: Հանդիպման սկզբում մենք դժվարություններ ունեինք, դժվար է խաղալ «Էվերթոնի» դեմ։
Հենց առաջին գոլը խփեցինք, խաղը բացվեց։ Մեզ ինչ-որ կախարդանք էր պետք, և Բուկայո Սական դա արեց: Հետո մենք առաջ գնացինք և արժանի էինք հաղթանակի:
«Էվերթոնի» խաղաոճի պատճառով՝ ուղղահայաց խաղ, փոքր առավելությունը բավարար չէ: Բայց երկրորդ խաղակեսում մենք իսկապես լավ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլ խփել:
Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ թիմը խաղում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Ես շատ գոհ եմ մեր ցուցադրած խաղի հասունությունից ու որակից»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» հաղթել էր 4-0 հաշվով: Միկել Արտետայի թիմը 25 խաղից հետո 60 միավորով առաջատարն է և 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը նույնքան հանդիպում է անցկացրել:


