Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ դասեր է քաղել «Էվերթոնից» կրած արտագնա պարտությունից հետո (0-1):
«Խնդիրն այն չէ, որ այս պահին հարմարավետության գոտուց դուրս ենք: Մենք դեռ էլի կպարտվենք: Յուրաքանչյուր պարտություն հնարավորություն է տալիս տեսնել այլ բաներ և ուսումնասիրել թիմի արձագանքը:
Ես ներդնում եմ ամբողջ էներգիաս: Չեմ սիրում այն մարդկանց, որոնք էներգիա են խլում, սակայն սիրում եմ տալ: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք էներգիա են տալիս տարբեր ձևերով: Արդարացումներ չունենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է AFTV-ն:
Անգլիայի ընթացիկ առաջնության 20 տուրերից հետո «Արսենալը» 50 միավորով առաջին տեղում է և 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։


