Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ պատմել է սպասելիքների մասին։
«Ինձ համար բոլոր Օլիմպիական խաղերը ու նաև բոլոր մրցաշարերը, որոնց մասնակցել եմ, առանձնահատուկ են: Այս Օլիմպիական խաղերում էլ պայքարելու եմ ոսկե մեդալի և չեմպիոնության համար: Զգում եմ, որ ունեմ այդ հնարավորությունը՝ պայքարելու և հաղթելու: Երևի հենց դա է ինձ մոտիվացնում: Ցանկացած մրցաշարի, անկախ թե քանի անգամ եմ այնտեղ հաղթել, տրամադրվում եմ՝ կարծես իմ առաջին հաղթանակն եմ տանելու: Կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ ապացուցել եմ: Պարզապես հաճույք եմ ստանում սպորտից: Զգում եմ, որ կարող եմ լավ մասնակցել:
Ամեն ինչ լավ է: Հիմա լավ մարզավիճակում եմ: Ամբողջ տարին լավ մարզվել ու արդյունավետ հավաքներ ենք անցկացրել: Ճիշտ է՝ թեթև վնասվածքներ ունեմ, բայց այդքան շատ չեն խանգարում: Հուսով եմ՝ մինչև Օլիմպիական խաղեր էլ ավելի լավ վիճակում կլինեմ:
Նախորդ երեք Օլիմպիական խաղերին միշտ քանակապես ավելի շատ ենք եղել, բայց որակապես հիմա, թերևս, լավագույն հավաքականն ունենք: Հուսով եմ՝ շատ մեդալներով կվերադառնանք: Բոլորն էլ մեդալի հավակնորդներ են և արժանի են մրցանակային տեղերի: Ինձ համար արդեն սովորական է այն ամենը, ինչ այնտեղ կատարվելու է: Երևի նաև այդ պատճառով, որ սրանք իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են լինելու: Առաջին խաղերին լարվածությունը շատ մեծ էր, հիմա ավելի հանգիստ եմ: Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում: Կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի:
Օլիմպիական խաղերին պատահական մարզիկներ չեն լինում. պետք է վարկանիշ նվաճես, որ իրավունք ունենաս մասնակցելու: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Եթե մի ըմբիշ հասել է Օլիմպիական խաղեր, ուրեմն ուժեղագույններից մեկն է: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, չորս գոտեմարտ պետք է անցկացնեմ, ու չորսն էլ ինձ համար եզրափակիչի պես են լինելու»,- ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության հետ զրույցում ասել է գյումրեցի ըմբիշը։
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 6-ին։ 97 կգ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


