Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հայ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ձեռքի ափի մաշկի վնասվածքի պատճառով Կազանում ընթացող Ռուսաստանի առաջնությունում ժամանակից շուտ ավարտել է ելույթը: Այդ մասին հայտնել է սպորտային մարմնամարզության Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն։
«Արթուրը, որը երկար ժամանակ ափի հետ կապված խնդիրներ ունի, ստիպված է հրաժարվել Ռուսաստանի առաջնության մասնակցությունից։ Նա բաց կթողնի և՛ բազմամարտի, և՛ առանձին վարժությունների եզրափակիչները»,- Վալենտինա Ռոդիոնենկոյի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող Դալալոյանը աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն է:


