
Արթուր Եդիգարյանը ֆուտբոլային իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիքի հեղինակ դարձավ՝ «Արցախի» հետ գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում 3 անգամ գրավելով Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը:
Հեթ-տրիքի շնորհիվ Եդիգարյանը 4 գնդակով դարձավ գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով գանձասարցի Գևորգ Նռանյանին, ով «Ավան Ակադեմիայի» հետ հանդիպումներում 3 գոլի հեղինակ էր դարձել:

Արթուր Եդիգարյանը նաև դարձավ գավաթի մեկ մրցաշարում խփած գոլերի քանակով «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով թիմի նախկին հարձակվող, բրազիլացի Հեբեր Արաուխոյի ցուցանիշը, ով գավաթի 2015/16թթ. խաղարկությունում 3 գոլի հեղինակ էր դարձել: Հիշեցնենք, որ «Արցախի» հետ գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Եդիգարյանը հստակ էր իրացրել 11մ հարվածը:
Արթուր Եդիգարյանի հեթ-տրիքը միակն է «Ալաշկերտի» ֆուտբոլիստների շրջանում ՀՀ գավաթի մրցաշարերում: Արթուրն ընդամենը մեկ գնդակով է զիջում «Ալաշկերտի» գավաթային լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանին, ով 5 գոլի հեղինակ է դարձել:

Հայաստանի գավաթի խաղարկություններում Արթուր Եդիգարյանն ընդհանուր առմամբ 5 գոլի հեղինակ է դարձել: Նա իր գոլերի հաշիվը բացել է 2008թ. մարտի 22-ին «Փյունիկի» կազմում: Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Եդիգարյանը 23-րդ րոպեին գրավել է «Պատանիի» դարպասը: Այդ խաղում «Փյունիկը» հաղթել էր 11-2 հաշվով:
Աշոտ Հայրապետյան

