Logo

Արթուր Սողոմոնյանը պատասխանել է ՀՖՖ-ի հայտարարություններին

13:23 / 25.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարություններին: Ավելի վաղ ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության և կեղծիքի համար դատարանի միջոցով Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Եթե նրանք իսկապես ունեն փաստարկներ, որոնք հաստատում են, որ ես սխալ եմ, հաճույքով ներողություն կխնդրեմ, քանի որ նրանցից ավելի շատ եմ հետաքրքրված հայկական ֆուտբոլի զարգացմամբ և դրա մեջ իմ փողերն եմ ներդնում, այդ իսկ պատճառով դատարան պետք չէ։

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու սպառնալիքներին, ապա դրան վերաբերվում եմ որպես ՀՖՖ ղեկավարության հերթական դատարկ հայտարարության՝ անձամբ ինձ վախեցնելու նպատակով: Նման արձագանքը միայն մեկ անգամ ևս հաստատում է մեր իրավացիությունը»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

«Փյունիկի» սեփականատերը պատասխանել է նաև Երևանի ԲԿՄԱ-ն գլխավորող Ռաֆայել Նազարյանի և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի քննադատություններին։

«Պարոն Մելիքբեկյանի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի հետ ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է նրա խոսքերին, կարող եմ ասել, որ դա ավելի շատ նման էր ոչ քաղաքակիրթ, փողոցային կռվի, որը լցված էր ակնհայտ ստերով ու վիրավորանքներով: Ես, իհարկե, չեմ իջնի այդքան` այդ մարդու հետ շփվելու համար:

Կարծում եմ, որ նման տեսանյութից հետո շատերին պարզ դարձավ, թե ինչ ցածր մակարդակի մարդիկ են կառավարում ՀՖՖ-ն: Ամենակարևոր բանը, որ ես հասկացա այդ ամենը դիտելուց հետո, որ ֆեդերացիայում խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք:

Ինչ վերաբերում է Ռաֆայել Նազարյանին, ես միշտ հարգանքով եմ վերաբերվել այս մարզչին, բայց դիտելով այդ տեսանյութը` մեծ հիասթափություն ապրեցի։ Հաճելի չէր լսել խաբեությունը, որ պարոն Մելիքբեկյանը երբեք չի միջամտում ԲԿՄԱ-ի գործերին, ուզում եմ պարոն Նազարյանին հիշեցնել մեր վերջին խոսակցությունը, որում նա հակառակն էր պնդում։

Իմ կարծիքով, ճիշտ չէ նաև նրա կողմից գնահատական տալ «Փյունիկի» մարզչական շտաբի ընտրած աշխատելաոճին սեփական խաղացողների հետ, դա դուրս է մարզչական տարրական էթիկայի շրջանակներից։

Բայց ես ուզում եմ առանձին կանգ առնել նրա մեկ հայտարարության վրա: Այն բանից հետո, երբ պարոն Նազարյանը շատ էմոցիոնալ ասաց, որ միշտ առաջնորդվում է մարզական սկզբունքներով: Նա երկու անգամ կրկնեց, որ դիմելու է պարոն Մելիքբեկյանին` խնդրելով «Փյունիկ ՖԱ»-ի խաղացողներին չհրավիրել ԲԿՄԱ:

Այս արտահայտությամբ Ռաֆայել Նազարյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև կոնկրետ սպառնում է մեր ակումբին, ինչպես նաև ոչնչացնում է սպորտային սկզբունքներն ամբողջ հայկական ֆուտբոլում։ Զարմանալի է նման սպառնալիքներ լսել Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչից։

Ուզում եմ հիշեցնել, որ ԲԿՄԱ-ն պարոն Մելիքբեկյանի մասնավոր բիզնեսը չէ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ունի նույն իրավունքները, ինչ մյուսները, անկախ նրանից` պարոն Նազարյանին դուր են գալիս մեր բողոքները ՀՖՖ-ի աշխատանքի հարցով, թե՝ ոչ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը։

Ռաֆայել Նազարյանի  հարցազրույցը

Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ