Անվանի ֆուտբոլիստ Աարոն Ռեմզին նշանակվել է Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Քարդիֆն» ապրիլի 19-ին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Օյմեր Ռիզային։ 34-ամյա Ռեմզին ակումբի խաղը կղեկավարի Չեմպիոնշիփի վերջին 3 հանդիպումներում։
«Քարդիֆը» 43 խաղում 42 միավոր է վաստակել և Չեմպիոնշիփի նախավերջին` 23-րդ տեղում է։
Ռեմզին դեռ չի ավարտել ֆուտբոլային կարիերան և մինչև այս տարվա հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «Քարդիֆ Սիթիի» հետ։ Այժմ նա ապաքինվում է վնասվածքից։ Ուելսցի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 10 հանդիպում է անցկացրել։
Ռեմզին առավել հայտնի է Լոնդոնի «Արսենալում» ունեցած մրցելույթներով: Թիմի կազմում նա 369 խաղում 64 գոլ է խփել ու 60 ասիստ կատարել։


