«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոյին, հաղորդում է իսպանական AS-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին 2025/26 մրցաշրջանից առաջ խոստացել են բարձրակարգ տրանսֆերներ, որոնցից մեկը, ըստ աղբյուրի, Ռոդրիգոյին թիմ հրավիրելու տարբերակն է:
Ակումբի խորհրդի նախագահ Դենիել Լևին ակնկալում է նվազեցնել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ հարաբերություններ ունի իսպանական գրանդի ղեկավարության հետ։ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիգոյին 90 միլիոն եվրոյից պակաս գնով։
Անգլիայում Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», իսկ Անգլիայի սահմաններից դուրս՝ «Բավարիան»: Այս պահին, սակայն, թիմերից և ոչ մեկը Ռոդրիգոյի համար պաշտոնական առաջարկ չի արել «Ռեալին»։
2024/25 մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է 54 խաղի, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ու ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի համաձայն՝ բրազիլացու տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է։