«Ռեալը» վերջին ջանքերն է գործադրում՝ Մարտին Սուբիմենդիին ձեռք բերելու համար, չնայած Լոնդոնի «Արսենալն» առաջատար է «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար պայքարում, հաղորդում է AS-ը:
«Արսենալը» պատրաստ է վճարել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ 60 միլիոն եվրո հրաժարագինը և պայմանագրի շուրջ արդեն բանավոր համաձայնության է եկել խաղացողի հետ:
Բայց քանի դեռ պաշտոնական հաստատում չկա, «Ռեալը» շարունակում է պայքարը՝ Սուբիմենդիի տրանսֆերի համար: Կարևոր դեր կարող է խաղալ Չաբի Ալոնսոյի գործոնը: «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչը նախկինում «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում աշխատել է Սուբիմենդիի հետ:
Սուբիմենդիից բացի, «Արքայական ակումբի» տրանսֆերային թիրախում են «Չելսիից» Էնցո Ֆեռնանդեսը, «Լիվերպուլից» Ալեքսիս Մաքալիսթերը, «Նյուքասլից» Բրունո Գիմարայնսը և «Ատալանտայից» Էդերսոնը: Իսպանական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը: «Ռեալից» ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ժամանակ կհետևեն նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրիի խաղին: Իսպանացին վիրահատության ենթարկվելուց և մրցաշրջանը բաց թողնելուց հետո կվերադառնա խաղադաշտ: