
«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»
2 խաղ, +1=1-0, 1-0
16 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
2012/13թթ. խաղարկություն, 1/4 եզրափակիչ
02.03.2013 «Ալաշկերտ» – «Գանձասար»՝ 0-0
12.03.2013 «Գանձասար» – «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)
Նարեկ Բեգլարյան 64՛
Գավաթը սպասում է իր 7-րդ տիրոջը
Հայաստանի գավաթի 2017/18թթ. խաղարկության եզրափակիչ ակորդը կհնչի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցավեճի կբռնվեն պատվավոր մրցանակին դեռևս չտիրած թիմերը: Այնպես որ մայիսի 16-ին ՀՀ գավաթակիր դարձած 6 թիմերի շարքը կհամալրվի ևս մեկով:
2005թ.-ից Հայաստանի գավաթի խաղարկություններին մասնակցող «Գանձասար-Կապանը» 2-րդ անգամ է հանդես գալու պատվավոր մրցանակի եզրափակչում: Գավաթը նվաճելու գանձասարցիների առաջին փորձն անհաջողության է մատնվել:

2013/14թթ. խաղարկությունում հաջորդաբար հաղթահարելով «Ուլիսի» (0-0, 3-1) և «Բանանցի» (2-1, 1-1) արգելքները` կապանյան թիմը, որ դեռևս կրում էր «Գանձասար» անվանումը, 2014թ. մայիսի 7-ին «Փյունիկի» հետ կայացած եզրափակիչ խաղում Սերգեյ Պուչկովի գլխավորությամբ մրցակցին զիջեց գավաթը՝ պարտվելով 1-2 հաշվով:
Հետաքրքիր է, որ այդ խաղին գանձասարցիների կազմում մասնակցել են ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող Արսեն Բեգլարյանը, Արտակ Գրիգորյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Իսկ «Գանձասար-Կապանի» ներկայիս ֆուտբոլիստներից եզրափակչի միակ մասնակիցն Արա Խաչատրյանն էր:
«Ալաշկերտն» իր կարճատև կենսագրության ընթացքում առաջին անգամ է եզրափակչում վիճարկելու ՀՀ գավաթը: Ալաշկերտցիները ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում են 2012/2013թթ. խաղարկությունից: Հենց այդ խաղարկությունում էլ կայացել է «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» գավաթային առայժմ միակ դիմակայությունը:

Նորաստեղծ «Ալաշկերտը», որ այն ժամանակ հանդես էր գալիս առաջին խմբում, Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ 1/8 եզրափակչում «Բանանցի» նկատմամբ առավելության հասնելուց հետո (0-0, 0-0, 5-4՝ 11մ) հաջորդ փուլում չկարողացավ հաղթահարել գանձասարցիների արգելապատնեշը (0-0, 0-1):
Հետաքրքիր է, որ 5 տարի առաջ կայացած գավաթային այդ դիմակայության մասնակիցներից «Ալաշկերտում» ներկայումս մնացել է միայն Միհրան Մանասյանը, իսկ կապանյան թիմում՝ Արա Խաչատրյանը: Նաև նշենք, որ այդ դիմակայությանը գանձասարցիների կազմում մասնակցել են ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող Արսեն Բեգլարյանը, Արտակ Դաշյանը և Ալեքսանդր Պետրոսյանը:
Եզրափակչի ճանապարհին
Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» առայժմ անպարտելի է: Գանձասարցիները պայքարից դուրս են թողել «Ավան Ակադեմիային» (3-0, 4-0) և «Շիրակին» (1-1, 1-0): Այդ հանդիպումներում կապանցիներից առավել արդյունավետ է գործել Գևորգ Նռանյանը՝ խփելով 3 գնդակ: Մեկական անգամ աչքի են ընկել Սարգիս Շահինյանը, Ալեքս Ջունիոր Քրիստիանը, Արթուր Ադամյանը, Դմիտրի Յաշինը, Արա Խաչատրյանը և Լուբամբո Մուսոնդան:

«Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն ու միակ մասնակիցն է, որ հաղթել է անցկացրած 4 հանդիպումներում էլ՝ խփելով 11 գոլ: Քառորդ եզրափակչում ալաշկերտցիները մեծ առավելությամբ հաղթեցին առաջին խմբի ներկայացուցիչ «Արցախին» (3-1, 6-0), իսկ հաջորդ փուլում երկու հանդիպումներում էլ միևնույն 1-0 հաշվով պարտության մատնեցին «Բանանցին»:
«Ալաշկերտից» առավել արդյունավետ է գործել Արթուր Եդիգարյանը, ով 4 գնդակով գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է: Նա «Արցախի» հետ պատասխան խաղում հեթ-տրիքի հեղինակ էր դարձել: 2-ական գնդակ են խփել Միհրան Մանասյանն ու Արտակ Դաշյանը, մեկական անգամ էլ մրցակիցների դարպասը գրավել են Միլյան Յաբլանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը:

