Logo

Աշխարհի առաջնության հինգ հաղթողները (ֆոտո)

Հեղինակ
FastNews
16:45 / 21.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը պատմության մեջ մտավ որպես ամենահետաքրքիր, ամենաինտրիգային Մունդիալներից մեկը։ Գլխավոր ֆուտբոլային մրցաշարի զարդը դարձավ նույնքան հետաքրքիր ու ինտրիգային եզրափակիչը, որը սյուժետային առումով գուցե լավագույնն էր պատմության մեջ: Իհարկե, լավագույն որոշելը միշտ էլ սուբյեկտիվ է, բայց, անկասկած, առաջնությունը և դրա արդյունքները դեռ երկար կմնա ֆուտբոլասերների հիշողության մեջ:

Ինչպես ցանկացած մրցաշար, Կատար-2022-ն էլ ունեցավ իր հաղթողներին, և խոսքը միայն չեմպիոնների մասին չէ: VNews-ը առանձնացնում է այդ հաղթողներից հինգին: 

Լիոնել Մեսի 

Արգենտինայի հավաքականը 36 տարի անց վերադարձրեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս տիտղոսին Արգենտինայում երկար էին սպասել, և անգնահատելի է գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի աշխատանքը։ Երիտասարդ մասնագետը կարողացավ համախմբել ֆուտբոլիստներին, որոնց դժվար է անվանել արգենտինական ֆուտբոլի ամենատաղանդավոր սերունդ: Մեծ էր նաև դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ներդրումը վերջնական հաղթանակում: Սակայն կար մեկը, որի համար այս տիտղոսը յուրահատուկ նշանակություն ուներ: Լիոնել Մեսին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը հինգերորդ փորձից, այն դեպքում, երբ նախորդ չորս փորձերի ժամանակ մասնագետներն ավելի բարձր էին դասում նրա հնարավորությունները: Մեսին կարողացավ իր հետևից տանել թիմը, դժվար պահերին հենց նրա փայլուն գործողությունների շնորհիվ Արգենտինան կարողացավ հաղթահարել մեկնարկային տուրում կրած պարտության հետևանքով բախված դժվարությունները: Չեզոք երկրպագուներից շատերը ցավում էին Արգենտինայի համար հենց Մեսիի շնորհիվ, և հիմա կարող են վստահ ասել, որ ֆուտբոլում արդարություն կա:

Կիլիան Մբապե

Թեև Ֆրանսիան չկարողացավ պահպանել չեմպիոնի տիտղոսը, սակայն Կիլիան Մբապեն, միանշանակ, հաղթանակած է հեռանում Կատարից: Մբապեն չստացավ առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, բայց, եթե ստանար, դժվար թե ինչ-որ մեկը չհամաձայներ այդ որոշման հետ: Մբապեն ֆանտաստիկ առաջնություն անցկացրեց, դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու, և, որ ամենակարևորն է, հաստատեց իր դիրքը՝ որպես նոր սերնդի ֆուտբոլի գլխավոր աստղ: Այժմ նա այդ կոչումը պետք է կարողանա ամրապնդել ակումբային ֆուտբոլում: 

Աֆրիկյան ֆուտբոլը

Մարոկկոյի հավաքականը բարձրացրեց նշաձողը բոլոր աֆրիկյան թիմերի համար՝ դառնալով մայրցամաքի առաջին հավաքականը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Մարոկկացիներն արժանի տեսք ունեին, և ոչ ոք չի կարող նրանց հաջողությունը պատահականություն համարել: Աֆրիկայի համար կարևոր էր այս հաջողությունը, նրանք ապացուցեցին, որ իրենց յուրահատուկ տեղն ունեն աշխարհի առաջնություններում և կարող են հավակնել ավելի շատ ուղեգրերի: Արժանի տեսք ունեին նաև աֆրիկյան մյուս հավաքականները. Սենեգալը, առանց իր առաջատար Սադիո Մանեի, դուրս եկավ փլեյ-օֆֆ, Կամերունը խմբային փուլում հաղթեց Բրազիլիային, իսկ Թունիսը՝ Ֆրանսիային, Գանան էլ, թեկուզ խմբում վերջին տեղը զբաղեցրեց, բայց թիմի հարձակման գիծը բոլոր խաղերում իրեն հիանալի դրսևորեց:

Խորվաթիա 

Շատերը շարունակում են թերագնահատել Խորվաթիայի հավաքականին, բայց հերթական անգամ նրանք կարողացան ապացուցել, որ բնակչության քիչ քանակը կապ չունի ֆուտբոլային հաջողությունների հետ: Զլատկո Դալիչի թիմը՝ Լուկա Մոդրիչի առաջնությամբ, երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր: Հիանալի խաղաց դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, այս առաջնության հերոսներից դարձավ նաև պաշտպան Յոշկո Գվարդիոլը: Կասկած չկա, որ Խորվաթիայի հավաքականը հաջորդ մրցաշարերում ևս լինելու է ֆավորիտների թվում: 

Ֆուտբոլասեր

Եվ, իհարկե, ամենամեծ հաղթողը ֆուտբոլասերն է: Նման քանակի ինտրիգային խաղեր, հոլիվուդյան ֆիլմերի սյուժեներով հանդիպումներ՝ փայլուն եզրափակիչով… Նման մրցաշարերից հետո են երեխաները վարակվում ֆուտբոլով և ցանկանում մի օր իրենց գլխավերևում պահել չեմպիոնական գավաթը: Մարդիկ շարունակում են ապրել ֆուտբոլով, իսկ դա նշանակում է, որ նման մրցաշարեր դեռ շատ են լինելու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ