ՖԻՖԱ-ի Կառավարման խորհուրդը հաստատել է ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ձևաչափը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք ԱԱ-2026-ը կլինի առաջին Մունդիալը, որին 32-ի փոխարեն կմասնակցեն 48 հավաքականներ: ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ստեղծել 16 խումբ՝ երեքական հավաքականներով, սակայն հրաժարվեց այդ գաղափարից՝ հօգուտ չորսական թիմերով 12 խմբերի ձևաչափի: 64-ի փոխարեն աշխարհի առաջնությունում կանցկացվի 104 հանդիպում։
Փլեյ-օֆֆ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն 8 թիմերը:
Մունդիալի փլեյ-օֆֆ դուրս կգան 32 հավաքականներ, որոնք պայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչից: Այսպիսով, եզրափակիչ հասնելու համար կպահանջվի մրցաշարի ընթացքում անցկացնել 8 հանդիպում` նախկին 7-ի փոխարեն։


