Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են չորրորդ փուլի դասական շախմատի առաջին պարտիաները։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը (2728 վարկանիշ) սպիտակ խաղաքարերով հաղթել է Ռադոսլավ Վոյտաշեկին (Լեհաստան, 2660)։
Հայաստանի հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանը (2664) ոչ-ոքի է գրանցել Ֆրեդերիկ Սվանեի (Գերմանիա, 2640) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2616) նույնպես ոչ-ոքի է գրանցել` միավոր կիսելով Ավոնդեր Լիանգի (ԱՄՆ, 2701) հետ պարտիայում։
ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ շախմատիստ Սամուել Սևյանն (2701) էլ ոչ-ոքի է գրանցել իտալացի Լորենցո Լոդիչիի (2572) հետ։
Չորրորդ փուլի երկրորդ պարտիաները կկայանան նոյեմբերի 12-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։


