Հնդկաստանի Գոա նահանգում ավարտվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները։
Տիտղոսի համար կպայքարեն Յի Վեյը (Չինաստան, 2752 վարկանիշ, աշխարհի 11-րդ համար) և Ջավոխիր Սինդարովը (Ուզբեկստան, 2721 վարկանիշ, 25-րդ համար)։
Կիսաեզրափակիչի երկու դիմակայություններում էլ հաղթողը պարզ դարձավ արագ շախմատի թայ-բրեյքում։ Վեյը պայքարից դուրս թողեց Անդրեյ Եսիպենկոյին (Ռուսաստան, 2681 վարկանիշ, 41-րդ համար), իսկ Սինդարովը` Նոդիրբեկ Յակուբոևին (Ուզբեկստան, 2689, 37-րդ համար)։
Յի Վեյն ու Ջավոխիր Սինդարովն ապահովել են նաև իրենց տեղը 2026թ. Հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցելու հնդիկ Դոմարաջու Գուկեշի հետ։
Հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճի նաև աշխարհի գավաթում երրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը։
Եզրափակիչի ու երրորդ տեղի համար մրցախաղի դասական շախմատի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 24-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։


