Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի օղակների վարժությունում:
Դավթյանը վաստակեց 14,600 միավոր: Նույն վարժությունում չորրորդ տեղը գրավեց Արթուր Ավետիսյանը, որը վաստակեց 14,566 միավոր:
Գագիկ Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 14,800 միավորով գրավեց 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Վահագն Դավթյանն օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դարձել էր օղակների վարժության արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկի ոսկե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը փետրվարի 25-ին հանդես կգա հենացատկի եզրափակիչում:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Ֆոտո՝ ՀՄՖ մամուլի ծառայություն


