Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրը հաղթական էր Հայաստանի 12 ներկայացուցիչներից միայն 3-ի համար:
Իր հաղթարշավը շարունակեց Մարիամ Մկրտչյանը, որը սևերով պարտության մատնեց ֆրանսիացի Կամիլ Բլանկեին: Մարիամը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և գլխավորեց մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի աղյուսակը: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհին լրացուցիչ գործակիցներով գերազանցեց 3 միավոր վաստակած մյուս երեք շախմատիստուհիներին: Մարիամ Մկրտչյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի ներկայացուցիչների մեջ:
Տարիքային այս խմբի մրցաշարին մասնակցող Վերոնիկա Խաչատրյանն ունի 2 միավոր:
Հաղթանակ տարան նաև Մամիկոն Ղարիբյանն ու Արսեն Դավթյանը, որոնք վաստակել են 2,5-ական միավոր: Մամիկոնը ելույթ է ունենում մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում, որին մասնակցող Սարգիս Սարգսյանը վաստակել է 2 միավոր:
Արսենը խաղում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում: Էմին Օհանյանը ևս ունի 2,5 միավոր, իսկ Ալեքս Սահակյանի հաշվին գրանցված է 1,5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 2 միավոր, Բենիկ Աղասարովն ունի 1,5 միավոր: Տարիքային նույն խմբի աղջիկների մրցաշարում Անի Ավետիսյանը վաստակել է 2,5 միավոր, Հայաստանի մյուս պատվիրակ Մարիա Գալստյանն ունի 1,5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Խաչատրյանը վաստակել է մեկ միավոր:
Սեպտեմբերի 9-ին կկայանան 4-րդ տուրի մրցախաղերը: