Logo

Աստղային խառնաշփոթ. Դարի թրեյդից մինչև գերդրամատիկ սագայի անսպասելի ավարտ

Հեղինակ
Վահե Գևորգյան
20:15 / 09.02.2025Բասկետբոլ
Բացառիկ
null
«Երեկ ես խելացի էի և ուզում էի փոխել աշխարհը։ Այսօր ես դարձել եմ իմաստուն և որոշել եմ փոխել ինքս ինձ...»

Պարսիկ բանաստեղծ Ռումիի այս խոսքերը թերևս իդեալական բնութագիր են «Դալաս Մավերիքսի» գլխավոր մենեջեր Նիկո Հերիսոնի համար: Այո՛, երբ դու փոխանակում ես Լուկա Դոնչիչին, փոխանակում ես ինքդ քեզ, ֆրանշիզայի ներկան ու ապագան: Ուղղակի նայեք, թե ինչ դեմքի արտահայտությամբ է Դոնչիչի թրեյդին վերաբերող ասուլիսին մասնակցում թիմի գլխավոր մարզիչ Ջեյսոն Քիդը.

NBA-ում խելահեղ թրեյդերի պակաս երբեք չի եղել, բայց փոխանակել ֆրանշիզայի 25-ամյա գերաստղին, որը նախորդ մրցաշրջանում թիմին դուրս է բերել NBA-ի մեծ եզրափակի՞չ, որը միջինում վաստակում է 27 միավո՞ր... Նիկո Հերիսոնն իրոք «իմաստուն» է...

Թրեյդի արդյունքը.

  • «Լեյքերս» ուղևորվեցին Լուկա Դոնչիչը, Մաքսի Կլեբերը և Մարկիֆ Մորիսը
  • «Մավերիքսը» ստացավ Բոլոր աստղերի խաղի 10-ակի մասնակից Էնթոնի Դևիսին, Մաքս Քրիստիին և 2029 թվականի դրաֆթի առաջին ռաունդի ընտրություն
  • «Յուտա Ջազն» էլ ժամանակավորապես վերցրեց Ջեյլեն Հուդ-Շիֆինոյի պայմանագիրն ու ստացավ 2-րդ ռաունդի 2 ընտրություն

Լուկա Դոնչիչի համար ընդամենը մեկ դրաֆթ փի՞ք, ընդամենը մե՞կ... Իհարկե, Էնթոնի Դևիսը ֆանտաստիկ խաղացող է, բայց այս թրեյդի արդյունքում «Մավերիքսը» զրկում է իրեն ապագայից, թիմը, որը մինչև 2029 թվականը չի ունենալու շոշափելի դրաֆթ-ակտիվներ, փորձելու է առաջ շարժվել win-now սխեմայով: Իհարկե, միգուցե ակումբի ղեկավարության որոշումը պայմանավորված է վնասվածքներ ստացող և խնդրահարույց ֆիզիկական տվյալներով աստղին սուպերմաքսիմալ պայմանագիր չառաջարկելու մտադրությամբ: Նրանք հավատում են, որ Դևիսի ու Իրվինգի հետ հնարավոր է չեմպիոն դառնալ, բայց արևմուտքում, այն էլ հիմա, նույնիսկ փլեյ-օֆֆում հայտնվելն է ծանր առաջադրանք:

Բինգո «Լեյքերսի» ու Ռոբ Պելինկայի համար, 40-ամյա Լեբրոնի կարիերայի մայրամուտը մոտ է, և հիմա լոսանջելեսցիներն ունեն նոր աստղ մոտակա տասնամյակի համար: Դոնչիչ-Դևիս սուպերաստղային փոխանակումն իրապես ամենաաղմկահարույցն ու թրենդայինն էր այս դեդլայնի ընթացքում:

ԲԱԹԼԵՐԻ ՍԱԳԱՅԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՎԱՐՏԸ

Հարի Փոթերն ամեն գնով ցանկանում էր չհայտնվել Սլիզերինում, իսկ մոգական գլխարկը, ընդհակառակը, փորձում էր նրան հենց այնտեղ ուղարկել: Բաթլերի «գրիֆինդորյան» («Ֆինիքս Սանզ») հույսերը մարեցին, ու «Մայամի Հիթի» հետ երկամսյա կոնֆլիկտն ավարտվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» տեղափոխությամբ: Վայր, որտեղ Ջիմբոն ի սկզբանե չէր ցանկանում հայտնվել.

Թրեյդային դեդլայնի ժամանակ «Գոլդեն Սթեյթն» ամեն կերպ ցանկանում էր «Ֆինիքսից» Սան Ֆրանցիսկո վերադարձնել Քևին Դյուրանտին, եռակողմ թրեյդի արդյունքում էլ «Սանզում» պետք է հայտնվեր Ջիմի Բաթլերը: Բայց ինսայդեր Շեմս Չարանիայի հաղորդմամբ՝ Քեյդին հրաժարվել է «Ուորիորզ» տեղափոխվելուց և Սթեֆ Քարիի հետ վերամիավորվելուց:

«Ուորիորզի» գլխավոր մենեջեր Մայք Դանլիվին չընկճվեց ու շատ արագ գործարք կնքեց «Մայամի Հիթի» հետ.

  • «Ուորիորզը» ստացավ Ջիմի Բաթլերին
  • «Հիթը»՝ Էնդրյու Ուիգինսին, Կայլ Անդերսոնին և 2025 թվականի դրաֆթի առաջին ռաունդի ընտրություն
  • «Փիսթոնս» ուղևորվեցին Լինդի Ուոթերս III-ն ու Ջոշ Ռիչարդսոնը
  • «Ջազն» էլ ստացավ Դենիս Շրյոդերին, որին, սակայն, հետո ուղարկեց «Դետրոյթ»

Թրեյդից անմիջապես հետո Ջիմբոն երկամյա պայմանագիր կնքեց «Ուորիորզի» հետ՝ տարեկան 121 միլիոն դոլար աշխատավարձով: «Մարտիկները» չկորցրին Ջոնաթան Կումինգային, «Սանզն» էլ մնաց առանց Բաթլերի և ներթիմային կոնֆլիկտներով: «Ուորիորզը» թրեյդային շուկայում գտավ հնարավոր ամենալավ տարբերակը: Հետաքրքիր կլինի հետևել նրա և Քարիի համագործակցությանը, և թե արդյունքում «Գոլդեն Սթեյթն» որ հորիզոնականում կավարտի կանոնավոր առաջնությունը:

ՆՈՐ ԴՈՒՈ ՏԵԽԱՍՈՒՄ, ՆՈՐ Գ(Կ)ԻՍԱՍՏՂ  ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ

ԴԵԱՐՈՆ ՖՈՔՍ

Թրեյդային դեդլայնին ընդառաջ ֆրանշիզայի զարգացման ուղղությամբ կարևոր քայլ կատարեց «Սան Անտոնիո Սփըրսը»: Մայք Բրաունի հեռանալն ու «Սակրամենտո Քինգզի» մշուշոտ ապագան դրդեցին Դեարոն Ֆոքսին փաստացի թրեյդ պահանջել: Տեխասում այդ պահին արթնացան, հավաքեցին դրաֆթ ակտիվները, զանգահարեցին Չիկագո և իրագործեցին ևս մեկ բլոկբաստերային թրեյդ: «Քինգզը» ստացավ Զակ Լավինին, «Սփըրսը»՝ Դեարոն Ֆոքսին, «Բուլզն» էլ՝ Թայուս Ջոնսին, Զակ Քոլինզին և Քևին Հրթերին:

Վեմբանյամայի և Ֆոքսի հաջող համագործակցությունից շատ բան է կախված: Երիտասարդ գարդի ու «Այլմոլորակայինի» միջև է վետերան Քրիս Փոլը, որն իբրև ուսուցիչ կարող է օգնել այս դուոյին հաջողելու հարցում: Դրանից բացի, «Սփըրսը» թիմում պահեց ռուքի Սթեֆոն Քեսլին և Դևին Վասելին: Ճիշտ է, միանգամից 6 դրաֆթ-փիք ուղարկեց Սակրամենտո:

ԲՐԵՆԴՈՆ ԻՆԳՐԵՄ

Մասաի Ուջիրին ու «Տորոնտո Ռեփթորսը» դեդլայնի շեմին «Պելիկանսից» ստացան Բրենդոն Ինգրեմին, ընդամենը 2 փիք, Բրյուս Բրաուն և Քելի Օլինիկ: Եթե Ինգրեմի ծնկի վնասվածքները չշարունակվեն, ապա «Դինոզավրերը» որակյալ խաղարկող ստանալուց հետո կարող են լուրջ հավակնություններ ունենալ արևելքում: 

ԴԵԱՆԴՐԵ ՀԱՆԹԵՐ

Արևելքի առաջատար «Քլիվլենդ Կավալիերսն» էլ պատրաստվում է փլեյ-օֆֆին: Կարիս Լևերտի ու Ջորջ Նիենգի փոխարեն թիմը «Հոուքսից» ստացավ Դեանդրե Հանթերին՝ լավագույն 6-րդ խաղացողի կոչման հավակնորդին: «Կավալիերսն» ազատվեց առանց պաշտպանության շութերից և ստացավ հաջող պաշտպանվող վինգի, որը փլեյ-օֆֆում վստահաբար կարևոր խաղացող կդառնա թիմի համար...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ