«Աթլետիկոյի» նկատմամբ մադրիդյան դերբիում հաղթանակը հոբելյանական էր «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի համար:
Squawka-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթանակը 250-րդն էր 33-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալի» կազմում:
Կրոսը 2014 թվականի հուլիսից է խաղում «Արքայական ակումբում»: Գերմանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 390 հանդիպում և նվաճել 18 տիտղոս։ Նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, երեք անգամ՝ Լա լիգայում և Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել «Աթլետիկոյի» նկատմամբ: Կրոսը մեկնարկից էր դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել 74-րդ րոպեին:


