Logo

ATP. Ջոկովիչը բարձրացել է երկրորդ տեղ, Խաչանովը բարելավել է դիրքը

14:25 / 24.06.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը ATP դասակարգման աղյուսակի թարմացումից հետո բարձրացել է երկրորդ տեղ։ Սերբ թենիսիստն ունի 8360 միավոր։

8130 միավորով երրորդ տեղ է նահանջել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» նորընծա հաղթող Կառլոս Ալկարասը։ 21-ամյա իսպանացի թենիսիստը չէր կարողացել պաշտպանել նախորդ տարի Հալեի մրցաշարում վաստակած 500 միավոր։ Գերմանիայում կայացած մրցաշարում Ալկարասն այս անգամ 1/8 եզրափակիչում անակնկալ պարտություն կրեց աշխարհի 29-րդ ռակետ Ջեք Դրեյպերից (Մեծ Բրիտանիա)։

Դասակարգման աղյուսակը 9890 միավորով շարունակում է գլխավորել իտալացի Յանիկ Սիները, որը նախօրեին նվաճել էր Հալեում կայացած ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Տասնյակում ևս երկու փոփոխություն է տեղի ունեցել. Հուբերտ Հուրկաչը (Լեհաստան), նախորդ թարմացման համեմատ, բարձրացել է երկու տեղով և այժմ 7-րդն է, իսկ ավստրալացի Ալեքս դե Մինորը նահանջել է 9-րդ տեղ։

Դիրքը մեկ կետով բարելավել է նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը զբաղեցնում է 21-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ