Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երրորդ ռակետ) և Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 7-րդ ռակետ) դուրս են եկել «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ի երկրորդ շրջան։
Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Ջոկովիչը մրցաշարի առաջին փուլում 4-6, 6-3, 6-4, 6-2 հաշվով հաղթել է Նիշեշ Բասավարեդիին (ԱՄՆ, 107-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 57 րոպե։ 37-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Ջեյմի Ֆարիան (Պորտուգալիա, 125-րդ ռակետ)։
Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրել է կարիերայի 429-րդ մրցախաղն ու կրկնել լեգենդար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը։ Այժմ նրանք «Մեծ սաղավարտի» մրցաշարերի պատմության մեջ ամենաշատ մրցախաղի մասնակցած թենիսիստներն են, գրում է Opta-ն։
Ալկարասն առաջին փուլում 6-1, 7-5, 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող ռուս Ալեքսանդր Շևչենկոյի (77-րդ ռակետ) հետ պայքարում։ Իսպանացին հաջորդ շրջանում կմրցի Յոսիհիտո Նիսիոկայի (Ճապոնիա, 65-րդ ռակետ) հետ։


