Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Քառորդ եզրափակիչում աշխարհի 5-րդ ռակետը շանս չտվեց ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին (6-րդ ռակետ) և հաղթեց 6-1, 6-2, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։
Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնությունում տարավ 26-րդ անընդմեջ հաղթանակը՝ կրկնելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի հաղթող, կարիերան ավարտած ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիի ռեկորդը։ Սերբ թենիսիստը ռեկորդակիր է Australian Open-ում հաղթանակների թվով՝ 9 տիտղոս:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի ամերիկացի Թոմի Պոլի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել իր հայրենակից Բեն Շելթոնին:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որոնք կմրցեն հունվարի 27-ին։
Հիշեցնենք, որ Australian Open-ը մեկնարկել է հունվարի 16-ին և կավարտվի հունվարի 29-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է: Գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ շրջանում։


