![Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ] isahakyan - Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ]](https://www.vnews.am/uploads/uploads/2019/12/isahakyan.jpg)
***
Աչերդ` սև – հուր,
Հոգիս են կիզում,
Մազերդ` սև – սուր,
Սիրտս են թրատում:
Վիշտս է ծփում
Սիրուս պես վարար,
Քո ուղին ծածկում`
Դավաճան ու չար, –
Ուղիդ արյունոտ,
Որ տանում է քեզ
Ուրիշների մոտ,
Ուրիշների մոտ…
1927
***
Ա˜խ, ես սիրու ճամփի ափում
Մենակ բուսած վայրի վարդ եմ.
Անց ու դարձի փոշին ծփուն
Վերաս իջած, կորած վարդ եմ:
Սիրունները պարտեզների
Քնքուշ պահած վարդն են սիրում.
Ես հուր – վարդն եմ ժեռ սարերի`
Սերս հասած արևներում:
Անց ու դարձող ինձ չի նայում,
Իսկ ես սիրու ծով – ծարավ եմ.
Ծարավ սիրտս փշեր բուսցուց,
Հիմա չար եմ ու նախանձ եմ …
1899
Ժընև
***
Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։
Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.
Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։
Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մեջ նայելով՝
Ողջ տիեզերքը մոռացա…
Ասում են
Ասում են, թե՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայց, նազելիս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրս արյուն է լալիս:
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…
Մեկը չեղավ
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս։
***
Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել…
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել…
***
Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:
***
Դու գնացիր, – ես մնացի
Բյուր մարդկանց մեջ մեն – մենակ
Սրտիս խորքում դառն լացի,
Խավարն իջավ կըրծքիս տակ:
Թափառում եմ փողոց – փողոց
Այս ծովածուփ քաղաքում.
Զսպված ցավից շրթներս` խոց,
Եվ աստղ չկա իմ հոգում …
***
Դու նըխշուն նուռ` զառը վըրադ,
Ես քո թուփն եմ, շուքիդ մեջ,
Դու քնքուշ վարդ` վառը վրադ,
Ես տերևդ եմ փըշիդ մեջ:
Վախենամ` թե մի օր էլ գան,
Քեզի քաղեն ու տանին.
Ես թուփ – տերև մընամ չորնամ,
Զարկե գետին ցուրտ քամին…
1899
ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…
* * *
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:
Աշխարհը` սուտ երազ ու սին,
Թող որ խմեմ, իմ սիրեկան
Շրթունքներիդ կարմիր գինին, –
Գլուխս զարկ դահճի նման…
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:
* * *
Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր`
Աչերիդ մեջ շող ցանեմ.
Լուռ գիշերվա անուշ հովեր`
Փունջ ծամերդ փայփայեմ:
Կուզե՞ս լինիմ վարդ – նազելի`
Կրծքիդ վրա վառվռիմ.
Արշալույսի շողեր ոսկի
Դեմքիդ վրա փայփլիմ:
Կուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ`
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստվեր, թովիչ թռչնիկ,
Օրոր ասեմ, օրորեմ:
Ինչ որ ցանկանաս` կուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արև, լուսին,
Միա՜յն, միա՜յն ինձ սիրի՜ր…
1892