
«ԱՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»
1 խաղ, +0=0-1, 0-3
11 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
1-ին խաղ. 14.09.2017 «Գանձասար-Կապան» – «Ավան Ակադեմիա»՝ 3-0 (0-0)
Սարգիս Շահինյան (62), Ալեքս Ջունիոր Քրիստիան (78), Գևորգ Նռանյան (87):
Այս խաղով կտրվի ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումների մեկնարկը: «Գանձասար-Կապանը» գավաթի ընթացիկ խաղարկության մասնակիցներից առաջինը կարող է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Գանձասարցիներն արդեն առաջին խաղում ամրության զգալի պաշար ստեղծեցին և գործնականում վճռեցին հաջորդ փուլի ուղեգրի հարցը:
Ճիշտ է, խոշոր հաշվով տարած հաղթանակն այնքան էլ հեշտությամբ չտրվեց: Առաջին խմբի նորեկ «Ավան Ակադեմիան» բավական լուրջ դիմադրություն ցույց տվեց Հայաստանի փոխչեմպիոնին, որին միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց իր առավելությունը վերածել գոլերի:
Այդ հաղթանակն առաջնությունում անհաջող մեկնարկած «Գանձասար-Կապանի» առաջին հաջողությունն էր ընթացիկ մրցաշրջանում: Այն կարծես նոր լիցք հաղորդեց կապանցիներին, որոնք վերելքով անցկացրին առաջնության հաջորդ երեք հանդիպումները՝ հաղթանակներ տոնելով «Արարատի» և «Փյունիկի» նկատմամբ, իսկ «Շիրակի» հետ մրցավեճում միայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին իրենց դարպասին նշանակված 11մ հարվածի պատճառով ձեռքից բաց թողեցին հաղթանակը:

«Գանձասար-Կապանի» հետ մրցախաղով «Ավան Ակադեմիան» նորամուտը նշեց գավաթի մրցաշարում: Թիմի պատանի ֆուտբոլիստների համար ուժեղ մրցակցի հետ գավաթային հանդիպումները մեծ փորձ են առաջին խմբում հաջող ելույթների համար: Արտակ Օսեյանի գլխավորությամբ նորեկը բավական լավ տպավորություն է թողնում՝ 7 տուրից հետո 11 միավորով «Բանանց-2-ի» հետ բաժանելով 3-4-րդ տեղերը:
2005թ.-ից գավաթի մրցաշարերին մասնակցող գանձասարցիների ամենամեծ հաջողությունն առայժմ 2013/14թթ. գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալն է, որում կապանցիները 1-2 հաշվով զիջել են «Փյունիկին»:
Մինչև 2012թ. գավաթի խաղարկությունը ներառյալ, գանձասարցիներին ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Եվ միայն 2012/13թթ. մրցաշարում կապանցիներին վերջապես հաջողվեց կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Քառորդ եզրափակչում «Գանձասար-Կապանն» առավելության հասավ առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտի» նկատմամբ:

Առաջին խաղում հյուրընկալվելիս գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպումը Կապանում ավարտվեց Սևադա Արզումանյանի սաների նվազագույն հաշվով հաղթանակով: Կապանցիներին հաղթանակ պարգևեց Նարեկ Բեգլարյանի խփած միակ գոլը: Ի դեպ, Բեգլարյանը 5 գնդակով գավաթի մրցաշարերում «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն է: Նրա ռեկորդին առայժմ վտանգ չի սպառնում: Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել Լուբամբո Մուսոնդան՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Հետագայում գանձասարցիները ևս 3 անգամ հաջողությամբ հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը, ընդ որում վերջին երկու մրցաշարերում՝ անընդմեջ:
4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի «Գանձասար-Կապանի» փորձառու պաշտպաններ Հայկ Իշխանյանն ու Արա Խաչատրյանը: Վերջինս որակազրկման պատճառով գավաթային առաջին հանդիպումը ևս բաց էր թողել:
Աշոտ Հայրապետյան

