Երևանում ամփոփվել են բռնցքամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների արդյունքները։
«Դինամո» մարզադահլիճում ծավալված քառօրյա պայքարի արդյունքում մարզուհիներից երկրի չեմպիոն են հռչակվել Լիլիթ Դալլաքյանը (48 կգ), Արևիկ Դոխոլյանը (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ)։
Տղամարդկանց պայքարում մրցակցությունից դուրս էին Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր)։
Ռինգ էին դուրս եկել հանրապետության տարբեր մարզեր և ակումբներ ներկայացնող ավելի քան 64 մարզիկ-մարզուհի։ Եթե մասնակիցների քանակի առումով պատկերը մտահոգիչ է, ապա աշխարհագրության տեսանկյունից առկա է որոշակի դրական տեղաշարժ։ Այնուհանդերձ, առաջնության ընթացքում մասնագետների ուշադրությունը գրաված առանձնակի հայտնություններ չեղան։
Առաջնության արդյունքներով հստակեցված կանանց և տղամարդկանց ազգային հավաքականները կշարունակեն նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Փետրվարի 7-20-ն ուսումնամարզական հավաք է նախատեսված Ծաղկաձորում։ Տարվա առաջին հատվածի գլխավոր մեկնարկը լինելու է մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը։