Իսահակյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Վարպետին նվիրված միջոցառումների համալիր ծրագիր։ Շրջանառության մեջ է դրվել գրողի պատկերով նամականիշը, Կենտրոնական բանկը թանգարանին է նվիրել մեծանուն հայի հուշադրամը և իրականացվել է «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Պարսկաստանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիվանագետներ, մշակույթի գործիչներ, վարպետի թոռ՝ գրող, գրականագետ Ավ. Իսահակյանը և այլք:

Ավ. Իսահակյանն իր խոսքում նշում է՝ նամականիշը մի այնպիսի միջոց է, որը հասնում է հեռավոր աշխարհի ծայրերը՝ դառնալով յուրօրինակ դեսպան .
«Ուրախ եմ տեսնել մեր Վարպետի պատկերը հայկական նամականիշի վրա: Հայկական դրոշմանիշները մեծ պատմություն ունեն, որտեղ իրենց պատվավոր տեղն են գրավում մեր մշակույթի, գրականության հայտնի գործիչները: Բնականաբար նամականիշը՝ նրա ծննդյան 150 ամյակի առթիվ, նույնպես մի նոր էջ կլինի հայ ֆիլատելիայի պատմության մեջ: Ես շնորհակալ եմ և ցանկանում եմ՝ հայկական դրոշմանիշներն աշխարհում սփռվեն և դառնան մեր պատմության մասին խոսուն փաստեր»:
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Նորանկախ Հայաստանում արդեն իսկ թողարկվել են Իսահակյանի 125 ամյակին նվիրված, իսկ ԽՍՀՄ-ի շրջանում ՝100 ամյակին նվիրված նամականիշներ: Հայփոստը 25 տարին մեկ անրադարձել է 4 հայ մեծերին ՝ Արամ Խաչատրյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին, Հովհաննես Թումանյանին՝ թողարկելով նրանց նվիրված նամականիշներ:

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշում, որ Ֆիլատելիան համարվում է ցանկացած երկրի 4 կարևոր խորհրդանիշներից մեկը՝ դրամ, զինանշան, հիմն և նամականիշ.
«Նամականիշները շատ կարևոր են տվյալ պետության, ազգի ինքնությունը, պատմական իրադարձությունները ցուցադրելու համար: Այսպիսի մի կանոն կա, երբ ազգային մեծերին են ցանկանում հանրահռչակել ֆիլատելիայի միջոցով պետք է 25 ամյակ լինի, այսինքն 25, 75, 100, 125, 150 և այս կանոնին մենք մշտական հետևում ենք»:
Հայաստանի Կենտրոնական բանկը՝ որպես հարգանքի տուրք մեծ բանաստեղծի հիշատակին, նրա տուն թանգարանին նվիրեց Ավետիք Իսահակյանի պատկերով հուշադրամը, ինչպես նաև թղթադրամ՝ գրողի պատկերով։ Իսկ «Աբու Լալա Մահարի» պոեմի հայերեն-պարսկերեն նոր գրքի շնորհանդեսն ընդգծեց Իսահակյանի ստեղծագործության համամարդկային արժեքը։

Շնորհանդեսին ներկա Իրանի դեսպանատան ներկայացուցիչները գրողի ստեղծագործությունները մեծ գնահատականի արժանացրին՝ բացատրելով, որ Իսահակյանի ստեղծագործությունները կարմիր թելով կապված են իրանական պոեզիային. իրենց մեջ պարունակում են այնպիսի սիմվոլներ, ինչպիսին է արևը՝ նոր կյանքի խորհրդանիշը:
Թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը վստահեցնում է՝ միջոցառումները նվիրված մեծանուն գրողի 150 ամյակին դեռ շարունակվելու են.
«Տարվա ընթացքում տեղի են ուեցել բազմաթիվ միջոցառումներ և Հայաստանում, և հայրենիքից դուրս: Գլխավոր միջոցառումը գրողի Լայպցիգի տանը դրված հուշատախտակն է, այնտեղ էլ իրականացվեցին Իսահակյան միջոցառումներ՝ հայտարարելով Իսահակյան շաբաթ Լայպցիգում: Փարիզում տեղի ունեցավ գրողին նվիրված համաժողով: Միջոցառումները չեն ավարտվում. Իրանում «Աբու Լալա Մահարի» պոեմի հայերեն-պարսկերեն տարբերակի շնորհանդեսն է սպասվում և այլ բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներ»:

Տեքստը՝ Վարդուհի Մազմանյանի
Լուսանկարները՝ Նատալի Բուդաղյանի


