Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մեկ ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ նվաճեցին Իսպանիայում կայացած Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը։ Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը VNews-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց, որ առանց այն էլ տպավորիչ ցուցանիշը կարող էր ավելի հարուստ լինել, եթե որոշ ըմբիշներ մասնակցեին իրենց հնարավորությունների սահմանում։
Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում կայացած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Կնյազ Իբոյանը (92 կգ)։ Արծաթե մեդալակիր էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ)։ Բրոնզե մեդալի էին արժանացել Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (79 կգ)։ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) անհաջողության էր մատնվել բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում։
- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության արդյունքները։
- Մասնակիցներ ունեինք 10 քաշային կարգից 9-ում։ Համարում եմ, որ տղաները լավ ելույթ ունեցան։ Որոշ ըմբիշներ հնարավորություններից ցածր հանդես եկան։ Ունեցանք նաև մարզիկներ, որոնք իսկապես լավ դրսևորեցին իրենց, մրցեցին լիարժեք նվիրումով։
- Հայաստանցի միակ չեմպիոն Կնյազ Իբոյանն անցկացրած երեք հաղթական գոտեմարտում ընդամենը 3 միավոր զիջեց մրցակիցներին։ Կարելի՞ է ասել, որ նա անթերի հանդես եկավ։
- Ոչ։ Առհասարակ, մեր բոլոր ըմբիշներն էլ ունեն տակտիկական և տեխնիկական բնույթի թերություններ, որոնք շտկելու համար տևական քրտնաջան աշխատանք է պահանջվում։ Իբոյանը նոր է տեղափոխվել 92 կգ քաշային կարգ։ Նա լավ մասնակցեց ու ոչ այնքան զարմացրեց, որքան լիարժեք օգտագործեց իր հնարավորությունները։ Թուրք ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտում ընտրել էր ճիշտ մարտավարություն, պայքարեց մինչև վերջ և կարողացավ անհրաժեշտ պահին հաղթական հնարք կատարել։

- Լևիկ Միքայելյանը վստահ ելույթներով հասավ եզրափակիչ, սակայն վճռական պահին ընկրկեց։ Ո՞րն էր ոսկե մեդալի համար պայքարում նրա պարտության պատճառը։
- Գոտեմարտի վերջում նա, գուցե, կարող էր խուսափել պարտությունից, սակայն ժամանակը չբավականացրեց։ Կարելի է ասել՝ պահանջվածից փոքր-ինչ քիչ ցանկացավ պայքարել հաղթանակի համար։
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանին երկրորդ արծաթե մեդալը բերած Հայկ Պապիկյանի ելույթը։
- Նա նույնպես նոր էր փոխել քաշային կարգը։ Մինչև եզրափակիչ իրեն լավ դրսևորեց ավելի բարձր քաշային կարգում։ Սպասում էի, որ չեմպիոն կդառնա, սակայն վերջին քայլը չստացվեց։ Եզրափակիչ գոտեմարտից հետո զրուցեցի Հայկի հետ։ Նա հայտնեց, որ պատրաստ էր անել այն, ինչ պահանջվում էր, բայց ոչ մի կերպ չկարողացավ կյանքի կոչել մտահղացումը։
- Մուշեղ Մկրտչյանը եզրափակիչում խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիան ներկայացնող ըմբիշին։ Մրցակիցը չափազանց ուժե՞ղ էր, թե՞ պարտությունը պայմանավորված է այլ գործոնով։
- Մրցակիցը բացահայտ ուժեղ էր։ Թեպետ Մկրտչյանը 2022 թվականին դարձել էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բայց չափազանց շատ աշխատելու տեղ ունի։ Ի դեպ, նա նույնպես նոր է փոխել քաշային կարգը։ Եթե մեր մյուս ըմբիշների դեպքում պահանջվում է որոշակի շտկումներ կատարել, ապա նրա դեպքում խոսքը ծավալուն աշխատանքի մասին է։ Որքան էլ նրա անձնական մարզիչը և հավաքականի մարզիչներս փորձենք ուղղորդել նրան, ամենից շատ հենց ինքը պետք է ցանկանա և ձգտի կատարելագործել վարպետությունը։

- Ի՞նչ կասեք բրոնզե մեդալակիրներ Անդրանիկ Ավետիսյանի և Նարեկ Գրիգորյանի ելույթների մասին։
- Ավետիսյանը վնասվածք ուներ, որի առկայության պարագայում վատ չմասնակցեց։ Գրիգորյանը կարող էր ավելի բարձր արդյունքի հասնել, բայց բավարարվեց երրորդ տեղով։
- Բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ուներ նաև Գուրգեն Սիմոնյանը, որը պարտվեց երրորդ տեղի համար գոտեմարտում։ Նրա դեպքում ի՞նչ տեղի ունեցավ։
- Հավանաբար, մի փոքր չհավատաց սեփական ուժերին։ Եթե գոտեմարտի վերջնամասում նույն հնարքը կատարեր մրցագորգի սահմանից ներս, այլ ոչ թե այդ գոտուց դուրս, ապա ինքը կարժանանար բրոնզե մեդալի։ Այսինքն, կվաստակեր ոչ թե մեկ, այլ երկու միավոր։ Այդ դեպքում հաշիվը կդառնար 3։3 և հաղթանակը կշնորհվեր Սիմոնյանին։
- Մեկնարկային գոտեմարտերում պարտվեցին և հանդիսատեսի վերածվեցին Հարություն Հովհաննիսյանը և Դավիթ Մարգարյանը։ Ինչո՞վ էր պայմանավորված նրանց անհաջողությունը։
- Հովհաննիսյանից մինչև իսկ ոսկե մեդալի ակնկալիք ունեի, քանի որ անցյալ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը։ Սակայն, նա հնարավորություններից զգալիորեն ցածր հանդես եկավ։ Դե, իսկ Մարգարյանը դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունի անցնելու։
- Առջևում աշխարհի երիտասարդական առաջնությունն է։ Ինչպե՞ս եք պատրաստվելու այդ մրցմանը։
- Վերականգնվելու և պատրաստվելու համար ըմբիշներն ունեն ընդամենը 40 օր։ Ժամանակը սուղ է։ Արդեն հուլիսի 12-ից ուսումնամարզական հավաք ենք սկսելու Ծաղկաձորում։ Նախապատրաստությունը մտադիր ենք ավարտել «Օլիմպավանում»։ Հավաքականում սպասվում են փոփոխություններ. այս առաջնությունից ձեռնունայն վերադարձած ըմբիշները տեղը կզիջեն այլ մարզիկների։ Վերջնական կազմը թերևս կհայտարարենք երկրորդ հավաքի սկզբին։


