Logo

Ավինյոնից հետո հաջորդ կանգառը Էդինբուրգն է․ «Ցուրտ օր դժոխքում» և «Պանդուխտության երգը»՝ ամենահեղինակավոր թատերական փառատոնում

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:50 / 22.07.2025Լուրեր
Բացառիկ
null

2023 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ  Յան Քաուքենբուշի «Ցուրտ օր դժոխքում» պիեսի հիման վրա բեմադրված համանուն մոնոներկայացման պրեմիերան։ Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, դերակատարը՝ Ներսես Ավետիսյանը։ Ամիսներ անց Չարլիի և Բեթիի սիրո պատմությունը գրավեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի ներկայացուցիչներին։ Ներկայացումը հասավ Ավինյոն, հիմա էլ՝ Էդինբուրգ։
Դանիել Դանիելյանը, Մանե Գրիգորյանը, Ցոլակ Մլքե-Գալստյանը և  Ներսես Ավետիսյանն ամփոփել են 2023-ի Ավինյոնի հաջողությունն ու խոսել «Fringe Festival 2025»-ից։ «Fast News Culture»-ը ներկա է եղել ասուլիսին և առանձնացրել ամենակարևորը։

Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ «Հայֆեստի» ընթացքում Ավինյոնի ներկայացուցիչներն ընտրեցին 2 հայկական ներկայացում՝ «Ցուրտ օր դժոխքում» և «Միհր» թատրոնի «Պանդուխտության երգը»։ «10 օր խաղացինք այս ներկայացումները։ Մեզ դիտում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլև միջազգային փառատոնների ներկայացուցիչներ։ Ի ուրախություն բոլորիս Էդինբուրգի ներկայացուցիչներն ընտրեցին մեր ներկայացումները «Fringe Festival 2025»-ին մասնակցելու համար։ Օգոստոսին կներկայանանք համաշխարհային ամենահեղինակավոր թատերական փառատոնում։ Մեզ համար մեծ պատիվ է թե՛ Ավինյոնում, թե՛ Էդինբուրգում լինել առաջինը։ Նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք հայկական թատրոնների համար բացեցինք Եվրոպա տանող դուռը», - նշեց ներկայացման ռեժիսորը։

Դանիել Դանիելյանը կարևորեց Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային փառատոնների անցկացումը Հայաստանում։ «Թատերական փառատոնները կարևոր գործիք են մշակութային հաղորդակցության և միջազգային ներկայության համար։ Ավինյոնին մասնակցելը բեկումնային պահ էր հայկական թատրոնի համար։ Որպեսզի ունենանք հայկական թատրոն, պետք է ունենանք ժամանակակից գրականություն։ Հայ դրամատուրգները պետք է ավելի շատ պիեսներ գրեն։ Անկախ թատրոնների գոյությունն էլ նոր շունչ ու մրցակցություն է մտցնում դաշտում։ Մենք պիտի խթանենք այդ մթնոլորտը», - ընդգծեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Ներսես Ավետիյանը խոստովանեց՝ ներկայացումը ստեղծելիս չէր մտածում, որ բոլորին դուր կգա կամ բոլորը կհուզվեն։ «Երբ պարոն Քեշիշյանի հետ սկսեցինք աշխատել պիեսի վրա, շատ ծանր շրջան էր։ Միգուցե դա էլ նպաստեց, որ այս ներկայացումը դառնա շատ ավելի խորքային, ոչ թե պարզապես կարդալ պիեսն ու փոխանցել գրվածը։ Շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ այն մարդկանց, ովքեր գրեթե 3 տարի գալիս են իմ «տուն»՝ Երգի պետական թատրոն, որտեղ մեծացել եմ 8 տարեկանից և դիտում են այս ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքով կարողացանք հասնել շատ կարևոր փառատոների։ Հուսով էի, որ Ավինյոնը կդառնա այն պատուհանը, որի միջոցով կստանանք Էդինբուրգի հրավերը։ Այդպես էլ եղավ։ Եթե պարոն Քեշիշյանն ի սկզբանե չբացեր մոնոներկայացման թեման, չեմ կարծում կհամարձակվեի այս փուլում մտածել մոնոներկայացման մասին։ Ոչ միայն Ավինյոնում, այլև Հայաստանում խաղալիս մոնոներկայացումն ինձ շատ բարդ էր տրվում։ Երկար ժամանակ աշխատել եմ այդ վախերը հաղթահարելու ուղղությամբ, քանի որ 50 րոպե բեմում միայնակ ես, իսկ դա այլ աշխատանք է պահանջում։ Չէի գնացել Ավինյոն մրցակցելու, գնացել էի մեր պատմությունը մեր ձևով ներկայացնելու», - անկեղծացավ դերասանը։

«Միհր» թատրոնի հիմնադիր, պարուսույց, բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը պատմեց, որ «Պանդուխտության երգը» ոգեշնչված է Հերիքնազ Գալստյանի համանուն ստեղծագործությունից։ Նրա խոսքով՝ այս ներկայացումն արձագանքում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում և աշխարհում։ «Մենք խոսում ենք պատերազմների, կորուստների, տեղահանության մասին։ Այս ներկայացումը արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս։ Մեր քարերը խորհրդանշորեն մեզ հետ գնում են փառատոններ, որտեղ հանդիսատեսը երբեմն վերցնում է դրանք  որպես հիշողություն», - պատմեց բեմադրիչը:

Մանե Գրիգորյանն էլ պատմեց, որ 2024-ին Ավինյոնում կազմակերպել են Հայաստանի մշակույթի օրեր։ «Շատ ինքնաբուխ ստացվեց՝ 1 շաբաթում անցկացրինք կինոդիտումներ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, հարց ու պատասխաններ տեղի լրագրողների և թատերական քննադատների հետ։ Խոսեցինք Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի մասին և կրկին պատվով ներկայացրինք Հայաստանը։ Ավինյոնում մեզ միացան Արթուր Ղուկասյանն ու Սերժ Ավետիքյանը։ Կային թե՛ հայեր, թե՛ օտարերկրացիներ, որոնց, հուսով եմ, տպավորել էին թե՛ մեր ֆիլմերը, թե՛ ներկայացումները։ Այդ ընթացքում ցուցադրեցինք նաև «Անատոլիական պատմություն» ֆիլմի տարբերակը, որը հատուկ մոնտաժվել էր ֆրանսերեն ենթագրերով», - նշեց Երգի պետական թատրոնի տնօրենը։

Մանեն պատմեց նաև, որ Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը ևս հրավեր է ստացել մասնակցելու փառատոնին։ Այդ բեմադրության հեղինակը ևս Հրաչ Քեշիշյանն է։ Մանեն հույս ունի 2026-ին ավելի մեծ թիմով երաժշտական ներկայացում տանել Ավինյոն և պատմել Կոմիտասի մասին։

Լուսանկարները՝ Երգի պետական թատրոնի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ