Հայերենը բարդ, հետաքրքիր ու ճկուն լեզու է. Լեզվի Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը անդրադարձել է «այլևս» բառի նշանակությանն ու կիրառությանը։
Արևելահայերեն խոսողների համար սովորական է ԱՅԼԵՎՍ բառը, որն առաջին իմաստով նշանակում է «այսուհետև, սրանից / դրանից հետո»։ Երկրորդ իմաստով՝ «էլ, ևս, բացի դրանից»։ Ուրիշ իմաստներ էլ ունի, որոնց դիմաց բառարանները նշում են «հնացած»։
Դրանից մեկը «արդեն» իմաստն է։ Այդ իմաստը երբեք չհնացավ գրական արևմտահայերենում։
Վերջին տարիներին, հատկապես անկախությունից հետո, ԱՅԼԵՎՍ բառն «արդեն» իմաստով սկսել են գործածել նաև Հայաստանում։ Հատկապես որոշ լրագրողներ և քաղաքականությամբ զբաղվողներ։ Բառի այս իմաստով գործածությունը լսելի է հեռուստատեսությամբ, հանդիպում է մամուլում։
Եվ ոմանք բառի այս իմաստով գործածությունը անհարազատ (ոմանք էլ անգամ սխալ) են համարում։ Այնինչ լեզվի բնական ընթացքի մի դրսևորման հետ գործ ունենք. արևմտահայերենի ազդեցությամբ բառի հնացած իմաստն է աշխուժացել։
Հանուն արդարության պիտի արձանագրենք նաև, որ արևելահայերենը «իսպառ չէր մոռացել» ԱՅԼԵՎՍ-ի «արդեն» իմաստը։ Մեկ խոսուն օրինակ Դերենիկ Դեմիրճյանից. «Անկախ Հայաստանը փաստ է այլևս»։

