Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը Սենտ-Էքզյուպերի. ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու, որն առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով. այն թարգմանված է ավելի քան 250 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ «Փոքրիկ իշխանը» Վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակով՝ ամբողջ աշխարհում։ Էքզյուպերին ասում էր.
«Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»։
Այսօր առանձնացրել ենք մի քանի բան, որ պետք է իմանալ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մասին…
Կորցրել է հորը վաղ տարիքում
Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում Անտուանը կորցրել է հորը. երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ձախլիկ էր։
Օդաչու Էքզյուպերին, պատերազմն ու ավիավթարները

Ինչպես նշեցինք, գրողը նաև պրոֆեսիոնալ օդաչու էր. այդպիսով որպես օդաչու աշխատելու տարիներին Էքզյուպերին ենթարկվել է 15 ավիավթարի։ Բացի այդ, ավիացիայի բնագավառում նա կատարել է մի շարք հայտնագործություններ, որոնց համար հավաստագրեր է ստացել։ 1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։ 1921 թվականին զորակոչվել է ֆրանսիական բանակ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք։ 1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի` ստանալով գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերին կատարելապես տիրապետում էր խաղաքարտերով աճպարարության արվեստին։
Սիրո տարօրինակ դրսևումներն ու բազմաթիվ սիրավեպերը

Եկեք կիսվենք Էքզյուպերիի մասին մեր տիպավորություններով՝ դատելով նրա հանճարեղ «Փոքրիկ Իշխանը» գրքից. վստահաբար ստեղծագործության հեղինակը պետք է, որ անսահման բարի և անուղղելի ռոմանտիկ լինի: Այո՛. հենց այդպիսին էր Էքզյուպերին ընկերական շրջապատում՝ հավատարիմ ընկեր ու օպտիմիստ:
Ինչ վերաբերում է ընտանիքին. այստեղ պատմությունը լրիվ այլ երանգներ է ստանում: Գրողի կինը՝ Կոնսուելլան, հավատարմությամբ սպասում էր ամուսնուն նրա ամեն մի ճանապարհորդությունից հետո, մինչդեռ Էքզյուպերին աջ ու ձախ սիրավեպեր էր ունենում: Վեճերը սկսվում են ամուսնությունից 1 տարի չանցած: Էքզյուպերին սկսում է կնոջ հանդեպ ոչ թե կիրք զգալ, այլ վրդովմունք: Ամենաաննշան թվացող արարքները գրողի կնոջ գլխին մի մեծ պատմություն ու սկանդալ էին դառնում: Արդյունքում Էքզյուպերին ինքն է հեռանում կնոջից՝ բողոքելով սկանդալնների անտանելիությունից: Շատ չանցած` գրողը որոշում է ավելի հեռուն գնալ և կնոջն ուղարկում է հոգեբուժարան: Համաձայնեք, որ նա այնքան էլ «պատասխանատու չէր նրանց համար, ում ընտելացրել էր»: Կոնսուելլայի պատմությունը, թերևս, այսբերգի միայն գագաթն է. գրողի կենսագրության մեջ կարելի է հանդիպել բազում կոտրված սրտեր: Այս ամենի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ գրողը մեծ սեր ու կապվածություն էր տածում իր մոր հանդեպ և վերջինիս հետ միշտ ջերմ և նուրբ էր վարվում:
- «Փոքրիկ իշխան»-ը համարվում է բոլոր ժամանակների ամենաընթերցված գիրքը՝ Աստվածաշնչից հետո։
Մահվան հանգամանքները…

1944 թվականի հուլիսի 31-ին Էքզյուպերին ուղևորվել է Կորսիկայում գտնվող Բորգո օդանավակայան՝ հետախուզական թռիչք իրականացնելու և այդպես էլ չի վերադարձել։ Երկար ժամանակ գրողը համարվել է անհետ կորած։ 1998 թվականին Մարսելի մոտակայքից մի ձկնորս ծովում գտել է ապարանջան, որի վրա գրված է եղել «Antoine», «Consuelo» (Անտուանի կնոջ անունն է) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA» (այն հրատարակչության հասցեն է, որը տպում էր գրողի գրքերը)։ Իսկ 2000 թվականին մի ջրասույզ նույն տեղում հայտնաբերել է կործանված ինքնաթիռի մասեր, 2003 թվականին այդ մասերը դուրս են բերվել ջրից։ Պարզ է դարձել, որ դա հենց այն նույն ինքնաթիռն էր, որով թռիչքի էր դուրս եկել Սենտ-Էքզյուպերին։
Թե ինչու է ինքնաթիռը կործանվել, մինչ օրս պարզ չէ։ Ամենահայտնի վարկածն այն է, որ ինքնաթիռը պարզապես տեխնիկական անսարքություն է ունեցել։ Կա նաև վարկած, որ գրողն ինքնասպանություն է գործել, քանի որ խորը դեպրեսիայի մեջ էր։ Կա նաև տեսակետ, ըստ որի՝ Սենտ-Էքզյուպերին «բեմադրել» է իր մահը, որպեսզի անհետանա ու հանգիստ ապրի ուրիշ վայրում:
Արդեն 2008 թվականին տպագրվեց մի հոդված, որտեղ պատերազմի մասնակից, գերմանացի օդաչու, լրագրող Հորստ Ռիպերտը հայտարարեց, որ թռիչքի ժամանակ իր կործանիչով սպանել կամ վիրավորել է գրողին, վերջինս էլ դրա պատճառով կորցրել է ինքնաթիռի կառավարումն ու ընկել ծովը։ Սակայն Ռիպերտի ռազմական հուշագրություններում նման գրառում չկա, և նրա ղեկավար կազմն էլ տեղյակ չէր նշված դեպքի մասին։ Այդ պատճառով ղեկավարությունը տարիներ անց չհավատաց վետերանի խոսքերին։ Թեև ծովում երկար տարիներ փորձեցին գտնել գրողի դին, սակայն մինչ օրս դա չի հաջողվել։

