Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին:
32-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի սխալից հետո վրացիները հակագրոհեցին, հաշիվը բացեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին: Ընդամենը 5 րոպե անց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն խորքից փոխանցում ստացավ և գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասը: Ի դեպ, Միկաուտաձեին ասիստ կատարեց իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին: Սա Մամարդաշվիլիի կարիերայում առաջին ասիստն է:
Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում չորս հարված կատարեց, մեկը` դիպուկ: Միակ դիպուկ հարվածը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» վինգեր Էդգար Սևիկյանը, տպավորիչ սեյվ կատարեց Գեորգի Մամարդաշվիլին: Վրացիները 6 հարված կատարեցին, երեքը` դիպուկ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 13 րոպե անց վրացիները սեփական տուգանային հրապարակի մատույցներից հակագրոհ սկսեցին, Գեորգի Չակվետաձեի առաջխաղացումից և փոխանցումից հետո դուբլ գրանցեց Միկաուտաձեն:
Մինչև երրորդ գոլը` 57-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց Երևանի «Ուրարտուի» հարձակվող Նիկոլաս Կալուկյանը` խաղադաշտ դուրս գալով Արթուր Միրանյանի փոխարեն:
Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղակեսում չորս հարված կատարեց, մեկը` դիպուկ: Վրացիները ևս չորս հարված կատարեցին, երկուսը` դիպուկ:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը նիդերլանդցի մասնագետ Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ առաջին խաղում պարտվեց 0-3 հաշվով:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Պատասխան խաղը ևս կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:
Ազգերի լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
Հայաստան - Վրաստան` 0-3 (տեսանյութ)
Գեորգի Կոչորաշվիլի, 32, Ժորժ Միկաուտաձե, 37, 59