Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Ֆարերյան կղզիներից

22:58 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական դաշտում 0-1 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ֆարերյան կղզիների թիմից։

Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականը հանդիպման մեկնարկում ուներ առավելություն, սակայն գործը չէր հասնում իրական գոլային պահերի։

33-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանն անփույթ խաղաց սեփական տուգանային հրապարակում, կանոնների խախտում թույլ տվեց, գլխավոր մրցավար Թասոս Սիդիրոպուլոսը 11-մետրանոց նշանակեց մրցակցի օգտին։ Գնդակին մոտեցած ֆարերների ավագ Վիլյորմուր Դավիդսենը գրավեց դարպասն ու խփեց հանդիպման միակ գոլը։

Խաղի մնացած ժամանակահատվածում Հայաստանի հավաքականն անցկացրեց բազմաթիվ գրոհներ, սակայն չհաջողվեց խուսափել պարտությունից։ Հյուրերի դարպասապահ Թեյթուր Գեսթսոնը կատարեց 10 սեյվ։

Հայաստանի հավաքականը մնաց 4 միավորով և չորրորդ խմբում նահանջեց երրորդ տեղ, Ֆարերյան կղզիները 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

Այս խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը տանը կմրցի Լատվիայի դեմ։

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին և կհյուրընկալվի Լատվիային։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, 5-րդ տուր

Չորրորդ խումբ

Հայաստան - Ֆարերյան կղզիներ` 0-1

Վիլյորմուր Դավիդսեն, 33 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա