Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

19:56 / 17.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի հավաքականից աչքի ընկնելուն մոտ էին պաշտպաններ Նաիր Թիկնիզյանն ու Վարազդատ Հարոյանը, սակայն վրիպեցին նպաստավոր դիրքից։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից ու Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

71-րդ րոպեին հաշիվը հավասարվեց. լատվիացիների կազմից պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ռոբերտ Ուլդրիկիսը, հունական «Կալիտեայի» հարձակվողը դարպասը գրավեց կրնկով կատարած հիանալի հարվածով։

Բաց թողած գոլից ընդամենը չորս րոպե անց Հայաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Լուկաս Սելարայանի հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը, սակայն ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հարձակվող Արթուր Միրանյանը կարողացավ գնդակն ուղարկել դատարկ դարպասը։ Միրանյանը Հայաստանի հավաքականի կազմում խփեց առաջին գոլն ու հաղթանակ պարգևեց։

Այս խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական դաշտում 1-0 հաշվով պարտության մատնեց Ֆարերյան կղզիներին։

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավեց երկրորդ տեղը, նվաճեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։ Փլեյ-օֆֆում Հայաստանի մրցակիցը լինելու է B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականներից մեկը։ Մրցակիցը պարզ կդառնա նոյեմբերի 22-ին կայանալիք վիճակահանության ժամանակ։ 

C դիվիզիոնի չորրորդ խումբը 16 միավորով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիան և նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Ֆարերյան կղզիները 6 միավորով երրորդն է, իսկ Լատվիան 4 միավորով եզրափակեց խումբը։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, 6-րդ տուր

Չորրորդ խումբ

Լատվիա - Հայաստան` 1-2 (տեսանյութ)

Ռոբերտ Ուլդրիկիս, 71 - Էդուարդ Սպերցյան, 48, Արթուր Միրանյան, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա