Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ խմբերից մեկում բոլոր հավաքականները վերջին տուրից առաջ հավասար միավորներ ունեն, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի երկրորդ տուրից հետո E խմբի բոլոր հավաքականները երեքական միավոր են վաստակել: Լրացուցիչ ցուցանիշներով Ռումինիան զբաղեցնում է առաջին տեղը, Բելգիան՝ երկրորդ, Սլովակիան՝ երրորդ, Ուկրաինան էլ վերջինն է:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Ռումինիային, ուկրաինացիներն էլ 2-1 հաշվով կամային հաղթանակի էին հասել Սլովակիայի նկատմամբ:
Բելգիան առաջին տուրում 0-1 հաշվով պարտվել էր Սլովակիային, իսկ Ռումինիան 3-0 հաշվով հաղթել էր Ուկրաինային:
Բելգիացիները երրորդ տուրում կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ, Ռումինիան էլ կհանդիպի Սլովակիային: Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 26-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին:
Եվրո-2024-ում փլեյ-օֆֆ դուրս կգան նաև խմբերում երրորդ տեղը գրաված 6 հավաքականներից լավագույն արդյունքը գրանցած չորս ազգային թիմերը:


