Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց հնդիկ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի հետ ու հաղթեց ծանր պայքարում (5-5)։
Նոյեմբերի 22-ին բրոնզե մեդալակիր էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը (87 կգ), իսկ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություն էր կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Հայաստանի թիմը մրցելույթն ավարտեց 14 մեդալով՝ 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։
Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի նախորդ երկու մրցումային օրերին Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Տիգրան Մինասյանը (55 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), և Արման Ավագյանն (79 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։
Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ըմբիշներ։