Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ) հաղթանակով սկսեցին պայքարը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մեկնարկած օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում:
Բազեյանը 1/32 եզրափակիչում հաղթեց մարոկկացի Իմադ Ազուին: Այս քաշային կարգում Փարիզ-2024-ի երեք ուղեգրերի համար կպայքարեն 63 բռնցքամարտիկներ: Ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները և կիսաեզրափակիչներում պարտված և բրոնզե մեդալի արժանացածների միջև անցկացվելիք մենամարտի հաղթողը:
Մադոյանը 1/64 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց հույն Խրիստոս Կարաիտիսին: Հայաստանի ներկայացուցիչը 1/32 եզրափակիչում կմրցի կորեացի Իլ Հյոկ Կիմի դեմ:
Այս քաշային կարգում էլ 70 բռնցքամարտիկներ կպայքարեն Օլիմպիական խաղերի 5 ուղեգրերի համար: Ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ հասած չորս բռնցքամարտիկները և քառորդ եզրափակիչում պարտվածների միջև անցկացվելիք մինի մրցաշարի հաղթող:
Բանգկոկի մրցաշարում տղամարդկանց Հայաստանի հավաքականից ելույթ կունենան նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):
Հիշեցնենք, որ բռնցքամարտում Հայաստանը դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Փարիզի-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


