Անի Հովսեփյանը (66 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակում են պայքարն օլիմպիական ուղեգրերի համար:
Հովսեփյանը բռնցքամարտի վարկանիշային վերջին մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 2022թ. Եվրոպայի չեմպիոնը 1/8 եզրափակիչում երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել նորզելանդուհի Կարա Վարերային:
Հովսեփյանը հունիսի 2-ին քառորդ եզրափակիչում կմրցի իռլանդուհի Գրեյն Ուոլշի դեմ, այդ մենամարտում հաղթելու դեպքում կնվաճի Փարիզ-2024-ի ուղեգիր:
Ռաֆայել Հովհաննիսյանն էլ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով առավելության է հասել իրանցի Մեյսամ Գեշլագի նկատմամբ:
Սա Հովհաննիսյանի չորրորդ հաղթանակն է Բանգկոկի մրցաշարում: Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում կմենամարտի Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Քրիստիան Պինալեսի դեմ, հաղթանակի դեպքում կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Եթե Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում պարտվի, կշարունակի պայքարն ուղեգրի համար: Այս քաշային կարգում կիսաեզրափակիչներում պարտվածները նույնպես կվիճարկեն Փարիզ-2024-ի ուղեգիր:
Անուշ Գրիգորյանը (50 կգ) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են իրենց հերթական մենամարտերում և զրկվել ուղեգրերի համար պայքարելու վերջին հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: