Լեհաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սահակյանը (67 կգ) դուրս է եկել Բաքվում մեկնարկած եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ ըմբիշը տարել է 3 հաղթանակ՝ ուժեղ գտնվելով Հունաստանի (7-1), Շվեդիայի (4-1) և Ռումինիայի (9-0) ներկայացուցիչներից։ Երեկոյան մրցահերթում Գևորգ Սահակյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ և հաղթանակի դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր։
34-ամյա Սահակյանն աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2018թ, 2021թ․) և Եվրոպայի փոխչեմպիոն է (2019թ․)։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Բաքվի մրցաշարին, որտեղ օլիմպիական ուղեգիր են նվաճելու եզրափակիչ դուրս եկած ըմբիշները։ Ապրիլի 5-7-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարում հանդես կգա ևս մեկ հայ մարզիկ՝ Ուկրաինան ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Էրիկ Առուշանյանը (65 կգ)։
Հայաստանն ըմբշամարտում առայժմ ունի 5 օլիմպիական ուղեգիր։ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Փարիզ-2024-ի համար վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 9-12-ին։


