Կատալոնական «Բարսելոնան» դեռևս չի կարողանում գրանցել թիմի նորեկներին:
Diario Sport-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» նորեկներից պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենը, Ժյուլ Կունդեն, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, հարձակվողներ Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին և վերջերս թիմի հետ նոր պայմանագիր կնքած կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն և հարձակվող Ուսման Դեմբելեն չեն մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի խաղին:
Կատալոնական ակումբը նորեկներին գրանցելու համար պետք է թեթևացնի աշխատավարձերի բյուջեն: Այդ նպատակով «Բարսելոնան» մոտ է հոլանդացի ֆուտբոլիստներ Ֆրենկի դե Յոնգին և Մեմֆիս Դեպային վաճառելուն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի փոխչեմպիոնը «Ռայո Վալյեկանոյին» սեփական խաղադաշտում կընդունի օգոստոսի 13-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


