Logo

Բարձրագույն խմբում ակումբային գրանցումը հաճախակի փոփոխած ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:12 / 10.02.2025• Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր Հայաստանի առաջնություններում միևնույն թիմի կազմում երկար տարիներ հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավատարմորեն պաշտպանել են իրենց համար հարազատ դարձած ակումբի պատիվը: Նրանցից ոմանք ֆուտբոլային ողջ կարիերան անցկացրել են Բարձրագույն խմբի առաջնության մասնակից միայն մեկ թիմում:

Իսկ ովքե՞ր են ՀՀ առաջնությունների պատմության ընթացքում առավել հաճախակի թիմից թիմ տեղափոխվել: Նրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ տեղափոխությունների մի մասը տեղի է ունեցել անկախ ֆուտբոլիստների ցանկությունից, քանի որ այս 33 տարիների ընթացքում Բարձրագույն խմբում հանդես եկած մի շարք ակումբներ տարբեր պատճառներով լուծարվել են:

Տեղափոխությունների թվով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: 1995-2006թթ. ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում 192 խաղ անցկացրած Նարիմանյանը հասցրել է կրել 13 թիմերի մարզաշապիկները:

Բարձրագույն խմբում նա իր կարիերան սկսել է 17 տարեկանում՝ «Կոտայք-2-ի» կազմում մասնակցելով 1995թ. գարնանային-անցումային մրցաշարին: Մրցաշրջանի ավարտից հետո այդ թիմի բազայի վրա հիմնվեց «Երևան» ակումբը, որում ընդգրկվեց նաև Նարիմանյանը: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն «Կոտայքի» կազմում էր, իսկ 1997թ. առաջնությունն անցկացրեց «Էրեբունի-ՀՄՄ-ում», որում խաղաց նաև հաջորդ տարի:

1999թ. առաջնությունը Նարիմանյանը դիմավորեց «Ղարաբաղում»: Վերջինս 15-րդ տուրից հետո հրաժարվեց առաջնության հետագա մասնակցությունից, ուստի Նարիմանյանը ստիպված էր առաջնության մնացած հատվածն անցկացնել այլ թիմում՝ տեղափոխվելով Բարձրագույն խմբում նորամուտը նշող Երևանի «Զվարթնոց»: Հենց այս թիմի կազմում էլ առավել երկար՝ 1999-2000թթ. հանդես եկավ ֆուտբոլիստը՝ մասնակցելով 40 խաղի:

Հետագա տարիներին Նարիմանյանը մեկական մրցաշրջան հանդես եկավ «Սպարտակում», «Բանանցում», «Արաքսում» ու «Միկայում» (2003թ.), «Արարատում», Երևանի «Լեռնագործում» և «Ուլիսում»:

2-րդ ցուցանիշն ունի Անդրանիկ Զանազանյանը, որը 11 մրցաշրջանների ընթացքում նույնքան թիմերի պատիվն է պաշտպանել:

Ընթացիկ առաջնության մասնակից ֆուտբոլիստներից յուրօրինակ ռեկորդակիրը «Գանձասարի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանն է, որի համար կապանյան թիմը 10-րդն է: Շահինյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր ելույթները սկսել է պատանի տարիքում «Միկայի» կազմում՝ նորամուտը նշելով 2011թ. օգոստոսի 28-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Յոժեֆ Բուբենկոն 85-րդ րոպեին Կոնստանտին Մանդրիչենկոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սարգիս Շահինյանին, որն ընդամենը 15 տարեկան 352 օրական էր:

Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստն արդեն թիմի հիմնական կազմի խաղացող էր ու մասնակցեց առաջնության 42 հանդիպումներից 40-ին: Նա իր առաջին տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր:

2015/16թթ. մրցաշրջանում հանդես գալով «Փյունիկում», Շահինյանը 2-րդ անգամ վայելեց Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացնելով «Գանձասար-Կապանում», Շահինյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», որի կազմում էլ 2018թ. դարձավ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր: Հետագայում նա խաղացել է «Արարատում», «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում» և «Վեստ Արմենիայում», իսկ ընթացիկ առաջնությունում նորամուտը նշեց «Գանձասարում»:

Արթուր Ավագյանը, Տիգրան Լ. Հովհաննիսյանն ու Արթուր Ս. Մինասյանը ևս հանդես են եկել 10 թիմերի կազմում: Ընդ որում Տիգրան Լ. Հովհաննիսյանը բոլորից երկար՝ 8 տարի (1993-2000թթ.) հանդես է եկել միևնույն թիմում՝ Արարատի «Ցեմենտում», որի կազմում մասնակցել է 154 խաղի, 2 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ դարձել է սուպերգավաթակիր և արծաթե մրցանակակիր: Եվ միայն «Ցեմենտի» լուծարումից հետո են սկսվել ֆուտբոլիստի դեգերումները թիմից թիմ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 16 մրցաշրջան անցկացրած Արթուր Ավագյանի ֆուտբոլային երկարատև կարիերան այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ մի քանի անգամ թիմերի լուծարման պատճառով ստիպված է եղել որոշ ժամանակ հարկադիր պարապուրդի մատնվել մինչև նոր ակումբ տեղափոխվելը:

Բարձրագույն խմբում Ավագյանի նորամուտը կայացել է 2005թ. ապրիլի 17-ին «Լեռնային Արցախի» կազմում «Բանանցի» հետ մրցավեճում: Հանդիպման 77-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը պատանի ֆուտբոլիստին խաղադաշտ մտցրեց Արարատ Ղազարյանի փոխարեն: Այդ օրն Արթուրը 17 տարեկան 287 օրական էր: Սակայն առաջնության 11-րդ տուրից հետո «Լեռնային Արցախը» հրաժարվեց մրցաշարի հետագա մասնակցությունից:

Հետագա տարիներին Արթուր Ավագյանը խաղացել է «Կիլիկիայում» (2008-2010թթ.), «Արարատում» (2011թ.), «Գանձասար-Կապանում» (2012/13-2015/16թթ.), «Ալաշկերտում» (2015/16թթ.), «Բանանցում» (2016/17-2018/19թթ.), «Լոռիում» (2019/20-2020/21թթ.), «Սևանում» (2021/22թթ.) և «Նորավանքում» (2021/22թթ.): Վերջին 3 թիմերից նա ստիպված է եղել հեռանալ ակումբների լուծարման պատճառով՝ ֆուտբոլային կարիերան ավարտելով «Փյունիկում»: Առավել երկար Ավագյանը ելույթ է ունեցել «Գանձասար-Կապանում»՝ Fastex Պրեմիեր լիգայում անցկացնելով 87 խաղ:

8 թիմերում հանդես եկած Սևադա Արզումանյանը 1996/97թթ. առաջնությունում հասցրել է կրել 3 ակումբների մարզաշապիկները: Առաջնությունը նա սկսել էր «Կոտայքում», այնուհետև 3-րդ տուրից հետո տեղափոխվել էր ԲԿՄԱ: Սակայն վերջինս առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր և Արզումանյանը ելույթները շարունակել էր «Վանում»:

2012/13թթ. առաջնությունում 3 թիմում է հանդես եկել նաև Հովհաննես Գրիգորյանը: Նա առաջնության մեկնարկում հանդես եկավ «Շիրակում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո տեղափոխվեց «Ուլիս», իսկ մրցաշարի գարնանային հատվածն անցկացրեց «Արարատում»: Հովհաննես Գրիգորյանը 8  անգամ փոխել է ակումբային գրանցումը:

Տեղափոխությունների առումով հետաքրքիր է նաև Արթուր և Արա Ոսկանյան եղբայրների վիճակագրությունը: Թեև Արան ավագ եղբորից ուղիղ 2 անգամ քիչ հանդիպում է (127) անցկացրել, սակայն նա էլ Արթուրի պես հանդես է եկել 8 թիմերի կազմում:

Բարձրագույն խմբում նրանք ֆուտբոլային կարիերան սկսել են միևնույն թիմում՝ Էջմիածնի «Զվարթնոցում». Արթուրը՝ 1993թ., Արան՝ հաջորդ մրցաշրջանում: Այնուհետև եղբայրները տեղափոխվել են «Վան»: 1997թ. նրանք կարճ ժամանակով բաժանվեցին. Արթուրը մեկնեց «Ղարաբաղ»: Հաջորդ մրցաշրջանում եղբայրները կրկին միասին էին, այս անգամ՝ արդեն «Ցեմենտում»:

Հետագայում Ոսկանյանները միասին հանդես եկան «Սպարտակում» ու «Բանանցում», ապա կարճ ժամանակով կրկին բաժանվեցին և հանդիպեցին նախ «Փյունիկում», ապա «Արարատում»:

FastNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ֆուտբոլային կարիերայում հանդես են եկել Բարձրագույն խմբի 8 և ավելի թիմերում՝ նշելով, թե ակումբներից որում է ֆուտբոլիստն ավելի երկար խաղացել, որ թվականներին և քանի խաղ է անցկացրել այդ թիմում:

Ֆուտբոլիստներ

Թիմ

Խաղ

Ակումբ

1.Հայկ Նարիմանյան

13

192

«Զվարթնոց» - 40

2.Անդրանիկ Զանազանյան

11

180

«Կոտայք» - 48

3.Տիգրան Լ. Հովհաննիսյան

10

305

«Ցեմենտ» - 154

4.Արթուր Ավագյան

10

259

«Գանձ.-Կապան» - 87

5.Սարգիս Շահինյան

10

231

«Ալաշկերտ» - 47

6.Արթուր Ս. Մինասյան

10

177

«Երևան» - 39

7.Արթուր Քոչարյան

9

357

«Գանձասար» - 94

8.Գևորգ Կասպարով

9

348

«Միկա» - 111

9. Հայկ Իշխանյան

9

279

«Գանձ.-Կապան» - 95

10.Կարեն Նավոյան

9

264

«Արարատ» - 92

11.Էդիկ Երիցյան

9

248

«Կոտայք» - 86

12.Աշոտ Գրիգորյան

9

236

«Բանանց» - 82

13.Գրիգոր Գրիգորյան

9

221

«Կիլիկիա» - 48

14.Արսեն Դալլաքյան

9

184

«Միկա» - 52

15.Գոռ Աթաբեկյան

9

162

«Ուլիս» - 68                                                           

16.Արկադի Չիլինգարյան

9

142

«Միկա» - 36                                                           

17.Սարգիս Նազարյան

8

299

«Զվարթնոց» - 86

18.Կարեն Գրիգորյան

8

256

«Երևան» - 74

19.Արթուր Ոսկանյան

8

254

«Բանանց» - 55

20.Սևադա Արզումանյան

8

229

«Արարատ» - 86

21.Նվեր Խաչատրյան

8

220

«Զվարթնոց» - 89

22.Արշակ Ամիրյան

8

208

«Արարատ» - 95

23.Արսեն Այվազյան

8

205

«Արարատ» - 96

24.Հովհաննես Գրիգորյան

8

205

«Բանանց» - 81

25.Արա Մարկոսյան

8

202

«Վան» - 65

26.Գևորգ Միրիջանյան

8

179

«Զվարթնոց» - 77

27.Մարատ Մկրտչյան

8

179

«Միկա» - 77

28.Ալբերտ Աճեմյան

8

156

«Երևան» - 78

29.Միխեիլ Սիմոնյան

8

147

«Ուլիս» - 47

30.Հայկ Հակոբյան

8

128

«Դվին» - 40

31.Արա Ոսկանյան

8

127

«Բանանց» - 37

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ