Logo

Բարձրագույն խմբում ակումբային գրանցումը հաճախակի փոփոխած լեգեոնականները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:40 / 11.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր այն հայ ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex Պրեմիեր լիգայում խաղացել են 8 և ավելի թիմերում:

Այսօր կանդրադառնանք լեգեոնականներին: Նրանց մեծամասնությունը Հայաստանի առաջնություններում առավելագույնը մի քանի մրցաշրջան է անցկացրել: Միևնույն ժամանակ մի խումբ այլազգի ֆուտբոլիստներ բավական երկար են մնացել Հայաստանում, իսկ նրանց մի մասը նույնիսկ հասցրել է խաղալ 4 և ավելի հայկական թիմերում:

Հայաստանի առաջնություններում առավել հաճախ ակումբային գրանցումը փոխել են Անատոլի Այվազովն ու Սոլոմոն Իմե Ուդոն, որոնք խաղացել են հայկական 6 թիմերում: Ընդ որում ռուս դարպասապահն առաջնության գարնանային հատվածում կդառնա թիմից թիմ տեղափոխությունների քանակով այլազգի ֆուտբոլիստների մեջ ռեկորդակիր, երբ պաշտպանի «Վանի» դարպասը:

Հիշեցնենք, որ Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում» 2014/15թթ. առաջնությունում, այնուհետև պաշտպանել է «Շիրակի», «Ուրարտուի», «Նոայի», «Ալաշկերտի» և «Վեստ Արմենիայի» դարպասները:

Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից Խամես Սանթոսը գարնանը նորամուտը կնշի իր կարիերայի հայկական 5-րդ ակումբում՝ «Նոայում»: Բրազիլացի ֆուտբոլիստը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 2019/20թթ. մրցաշրջանում՝ ելույթ ունենալով «Արարատում», ապա տեղափոխվել է «Ուրարտու»: 2021/22թթ. առաջնությունում նա խաղում էր «Ալաշկերտում»: Իսկ 2022/23թթ. առաջնության գարնանային հատվածում Խամես Սանթոսն արդեն «Փյունիկի» ֆուտբոլիստ էր, որի կազմում էլ հաջորդ մրցաշրջանում արժանացավ իր առաջին տիտղոսին՝ Հայաստանի չեմպիոնի կոչմանը:

Վրացական «Թելավիից» Հայաստան վերադարձած Ջոնել Դեսիրեն առաջնության գարնանային հատվածում ելույթ կունենա «Վեստ Արմենիայում», որը նրա ֆուտբոլային կարիերայում կլինի հայկական 5-րդ ակումբը:

Հայիթցի ֆուտբոլիստն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2018թ. ամռանը՝ ընդգրկվելով Բարձրագույն խմբում նորամուտը նշող Վանաձորի «Լոռիում»: Թիմի կազմում առաջին հանդիպումներից Դեսիրեն լիովին դրսևորեց ռմբարկուական իր հատկանիշները: Նա 25 խաղում խփած 17 գոլով դարձավ 2018/19թթ. առաջնության լավագույն ռմբարկուն:

Հաջորդ մրցաշրջանում Դեսիրեն կրկին աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 12 գնդակով ճանաչվելով «Լոռիի» լավագույն ռմբարկու: Ընդ որում գոլերից 5-ը նա խփեց «Երևանի» դարպասը՝ դառնալով ՀՀ առաջնություններում պենտա-տրիկ ձևակերպած միակ լեգեոնականը: Այդ արդյունքը մինչև օրս ռեկորդային է:

Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացնելով «Ուրարտուի» կազմում, հայիթցի ֆուտբոլիստը մեկնեց Կիպրոս, որտեղից 2023թ. հունվարին վերադարձավ Հայաստան՝ ընդունելով «Փյունիկի» հրավերը: Առաջնության ավարտից հետո Դեսիրեն մեկնեց Վրաստան՝ հանդես գալով «Թելավիում», իսկ նախորդ առաջնության գարնանային հատվածն անցկացրեց «Ալաշկերտում», որից հետո կրկին վերադարձավ վրացական ակումբ: 

Հայկական 4 ակումբների մարզական պատիվը պաշտպանած լեգեոնականներից առաջնության գարնանային հատվածում հանդես կգա նաև Աննան Մենսահը: Գանացի ֆուտբոլիստը որոշ ընդմիջումից հետո կրկին կխաղա «Ալաշկերտում»՝ թիմի կազմ վերադառնալով Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախից»: Նա նախկինում «Ալաշկերտում» խաղացել էր նախորդ երկու մրցաշրջաններում:

Աննան Մենսահը Ջոնել Դեսիրեի հետ 2018/19թթ. մրցաշրջանում խաղացել է «Լոռիում», իսկ հաջորդ առաջնությունում հանդես է եկել «Գանձասար-Կապանում», որից հետո երկու մրցաշրջան անցկացրել է «Ուրարտուի» կազմում:

FastNews-ը ներկայացնում է այլազգի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex Պրեմիեր լիգայում խաղացել են 4 և ավելի թիմերում՝ նշելով Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակն ու ակումբը, որում առավել շատ հանդիպումների է մասնակցել:

Ֆուտբոլիստներ

Թիմ

Խաղ

Ակումբ

1.Սոլոմոն Իմե Ուդո

6

202

«Շիրակ» - 90

2.Անատոլի Այվազով

6

135

«Շիրակ» - 56

3.Վսևոլոդ Երմակով

4

171

«Շիրակ» - 61

4.Գագա Թբիլաշվիլի

4

165

«Գանձասար-Կապան» - 81

5.Դավիթ Խուրցիձե                                                         

4

164

«Ալաշկերտ» - 66

6.Խամես Սանթոս Դաս Նևես

4

132

«Փյունիկ» - 55

7.Աննան Մենսահ

4

126

«Ալաշկերտ» - 59

8.Ուրոշ Նենադովիչ

4

124

«Ալաշկերտ» - 80

9. Ջոնել Դեսիրե                                                         

4

121

«Լոռի» - 48

10.Գորան Օբրադովիչ

4

113

«Գանձասար-Կապան» - 83

11.Ջուլիուս Դավիդ Ուֆուոմա

4

100

«Նորավանք» - 32

12.Էդվարդ Կպոդո                                                         

4

98

«Ուրարտու» - 56

13.Ալեքսանդր Գլիշիչ

4

94

«Ալաշկերտ» - 58

14.Դեու Դոսա Օլատունջի

4

80

«Լոռի» - 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ