Ուսման Դեմբելեի և «Բարսելոնայի» փոխհարաբերությունների թեման նոր զարգացում կունենա։
Կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին այսօր պատրաստվում է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջին առաջարկը ներկայացնել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյին՝ հաղորդում է Diario Sport-ը։
Նշվում է, որ խաղացողն ու նրա շահերի ներկայացուցիչը հավաստիացրել են՝ իրենք խիստ հետաքրքրված են «Բարսայի» հետ համագործակցությունը շարունակելու հարցում։ Նրանք ասել են, որ ցանկանում են շարունակել բանակցությունները և մտադիր են երկարաձգել պայմանագիրը։ «Բարսելոնան» ևս դեմ չէ պայմանավորվելուն, բայց հասկացրել է, որ առաջարկվող պայմաններն առավելագույնն են, ինչին կարող է հավակնել ֆրանսիացին։
Վերջին շրջանում Դեմբելեի և ակումբի փոխհարաբերություններում անթաքույց լարվածություն կա։ Ակումբի ղեկավարությունն օրեր առաջ նույնիսկ հրահանգել էր անհապաղ դադարեցնել գործնական շփումները ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ, սակայն հետո իրավիճակը մեղմվեց։