«Բարսելոնան» և ակումբի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ են սկսել, հայտնում է Marca-ն։
Կողմերը ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն արդեն հանդիպել է լեհ դարպասապահի ներկայացուցիչների հետ։
«Բլաուգրանան» ի սկզբանե ծրագրել էր Շչեսնիին առաջարկել մեկ տարվա պայմանագիր, բայց այժմ պատրաստ է համաձայնագիրը կնքել երկու տարով կամ «1+1» սկզբունքով։
34-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը լրանում է 2025թ. հուլիսի 1-ին։
Հիշեցնենք, որ Շչեսնին նախորդ տարվա հոկտեմբերին է տեղափոխվել «Բարսելոնա» և 16 խաղից 8-ում դարպասն անառիկ է պահել։


