Նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյին» հաղթելու (1-0) համար կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Apple MacBook նոութբուքներ են նվեր ստացել։
Mundo Deportivo-ն գրում է, որ «Բլաուգրանայի» ղեկավարության խոստացած հատուկ նվերներն ակումբի ֆուտբոլիստներն ստացել են միայն ապրիլի 3-ին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ու նրա շտաբի անդամները մնացել են ձեռնունայն, ինչն առաջացրել է նրանց դժգոհությունը։
Վերոնշյալ հանդիպումից հետո «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» հանդիպել են նաև Լա լիգայի 29-րդ տուրում, կատալոնական ակումբը հաղթել է 3-0 հաշվով։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 30 խաղից հետո վաստակել է 67 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջատար Մադրիդի «Ռեալից» հետ մնալով 8 միավորով։ «Աթլետիկոն» 58 միավորով 4-րդն է։


