Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԵ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Ալաշկերտի» հետ առաջին հանդիպումից առաջ հարցազրույց է տվել բելառուսական ԶԼՄ-ներին՝ պատմելով հուլիսի 12-ին կայանալիք խաղից իր սպասելիքների մասին:
Բնականաբար, ուսումնասիրել եք «Ալաշկերտի» հանդիպումները: Ինչպիսի՞նն են առաջին եզրակացությունները:
-Այդ թիմի ֆուտբոլիստները լավ են աշխատում գնդակի հետ, նրանք արագ են և տեխնիկապես լավ պատրաստված: Գրեթե ցանկացած իրավիճակում կարող են հաղթել մրցակցին մեկը մեկի դեմ պայքարում: «Ալաշկերտի» մոտ լավ են ստացվում անցումները պաշտպանությունից հարձակման:
Այնուամենայնիվ, դժվար է լիարժեք գնահատական տալ մրցակցին՝ դիտելով միայն Հայաստանի առաջնության և Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում նրա մասնակցությամբ խաղերը: Ավելի ամբողջական պատկերացում կկազմենք նրանց հետ առաջին հանդիպումից հետո:
Հաջողվե՞ց անմիջապես մարզադաշտից հետևել «Ալաշկերտի» ելույթներին:
-Այո, իմ օգնականները ներկա են գտնվել «Սանտա-Կոլոմայի» դեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպումներին:
Հաշվի առնելով, որ «Ալաշկերտը» ոչ առանց լուրջ խնդիրների հաղթահարեց 1-ին փուլի արգելքը, «ԲԱՏԵ»-ն խնդիրներ կարո՞ղ է ունենալ տրամադրվելու հետ:
-Ամենամեծ սխալն այն կլինի, եթե այդպիսի մոտեցումով մոտենանք հանդիպմանը և թերագնահատենք մրցակցին: Հիմա բոլոր թիմերն էլ սովորել են խաղալ, ուստի փոքր թափթփվածությունը կարող է ողբերգական հետևանքների բերել: Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունների մեկնարկը մեզ նույնպես մի քանի օրինակ է ցույց տվել: Դիտարկենք թեկուզ «Գլազգո Ռեյնջերսին», որը երկու խաղերի արդյունքում զիջեց Լյուքսեմբուրգի ակումբին:
Ուստի «Ալաշկերտի» հետ դիմակայությանը պետք է մոտենալ մեծ կենտրոնացվածությամբ: Կարևոր է հասկանալ, որ, չնայած տարբեր վարկանիշներին և կանխատեսումներին, երկու երկրների չեմպիոնների խաղում թիմերի հաղթելու հնարավորություններն ի սկզբանե 50-50 են:

