Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչը հայտարարել է, որ ցանկանում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին օգնել տեղափոխվել Գերմանիայի Բունդեսլիգա:
«ԲԿՄԱ-ում քիչ եմ աշխատել, բայց միանգամից տեսա Նաիր Տիկնիզյանի ներուժը: Այն ժամանակ նա շատ երիտասարդ էր, սակայն այժմ հիանալի ելույթներ է ունենում Հայաստանի հավաքականում և «Լոկոմոտիվում»:
Լսել եմ «Վոլֆսբուրգի» հետաքրքրվածության մասին: Նաիրն ունի լավ արագություն ու հիանալի ձախ ոտք, կարծում եմ՝ կհամապատասխանի այդ թիմին: «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչն իմ լավ ընկեր Նիկո Կովաչն է: Անպայման կհարցնեմ նրան՝ ինչ է մտածում այդ մասին ու կարծում եմ՝ դա Տիկնիզյանին կօգնի տեղափոխվել Բունդեսլիգա»,- Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նաիր Տիկնզիյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել էր 37 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և նույնքան ասիստի հեղինակ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Վալենսիան» ու «Ռեալ Սոսյեդադը»։