Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոստովանել է, որ կարոտել է հայ ֆուտբոլասերներին և կրկին ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:
«Պետրակովն է մարզիչը, ես խաղացող եմ: Ինքն է որոշում, թե ում հրավիրեն ազգային հավաքական, ում՝ ոչ։ Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ երկրի ազգային հավաքականում, շատ եմ կարոտում հայ երկրպագուներին»,- 32-ամյա ֆուտբոլիստը նշել է «РБ Спорт»-ի թղթակցի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Բայրամյանը նախորդ տարվա մարտի 25-ին Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումից (1-2) հետո չի հրավիրվել Հայաստանի ազգային թիմ:
Կոսովոյի հավաքականի դեմ մարտի 22-ին կայացած ընկերական հանդիպման (0-1) նախախաղային ասուլիսին Հայաստանի հավաքականը գլխավորող ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը Բայրամյանի և «Սլովանի» եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանի մասին հարցից հետո լրագրողներին հորդորել էր սպասել մինչև նոյեմբեր, երբ կավարտվի իր պայմանագրի ժամկետը: Պետրակովը նշել էր, որ այդ ժամանակ կլինի Բայրամյանի և Բարսեղյանի «հաղթական վերադարձը»:
Ընդհանուր առմամբ՝ Խորեն Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:


