Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքն ու ներկա չի լինի Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղին, հայտնում է ESPN-ը:
«Ոսկե գնդակի» գործող դափնեկրին առաջարկվել է Դոհա մեկնել նախագահական ինքնաթիռով, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուամենայնիվ, 34-ամյա ֆուտբոլիստն աջակցում է թիմին ու ցանկանում է, որ Ֆրանսիայի հավաքականն արգենտինացիների դեմ խաղում երկրորդ անգամ անընդմեջ նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի մեկնարկից ժամեր առաջ ու հեռացել Ֆրանսիայի հավաքականի ճամբարից: Աշխարհի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել էր հարձակվողին թողնել հայտացուցակում ու նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ չէր հրավիրել:
Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։