Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Ալմերիային» ու հաղթեց 4-2 հաշվով
Տանտերերի կազմում առաջին խաղակեսի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը շրջանցեց «Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսին ու 236 գոլով Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 4-րդ տեղ: Առաջատարը Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (474 գոլ), երկրորդն տեղում արաբական «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (311), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդ Տելմո Սարան (252): «Ռեալի» կազմում աչքի ընկավ նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն: Հյուրերի գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Լազարոն ու արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Ռոբերտոնեն:
32 խաղից հետո «Ռեալը» 68 միավորով երկրորդն է և 8 միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը ընթացիկ տուրի հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 23:00-ին՝ մրցելով Սևիլիայի «Բետիսի» հետ:
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ռեալ» - «Ալմերիա»՝ 4-2 (տեսանյութ)
Կարիմ Բենզեմա, 5, 17, 42 (11մ), Ռոդրիգո, 47 - Լազարո, 45+1, Լուկաս Ռոբերտոնե, 61


