Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ասել է, թե ազգային թիմում իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուն ինչ վերաբերմունք ունի «Ոսկե գնդակի» նկատմամբ:
«Պորտուգալիան «Ոսկե գնդակի» երեք դափնեկիր է ունեցել, և ես չեմ կարող նրանցից որևէ մեկին նախապատվություն տալ: Առաջինն Էուսեբիոն էր, իսկ հետո՝ Լուիշ Ֆիգուն: Իսկ վերջին անգամ նման հաջողություն գրանցել է հավաքականում մեր ավագ Կրիշտիանու Ռոնալդուն:
Երբեմն նա մեզ ասում է, որ իր կարծիքով ավելի շատ «Ոսկե գնդակների» է արժանի: Կրիշտիանուն միշտ սիրում է գտնվել բարձունքում: Նա շատ մրցունակ է և իհարկե դժգոհ է լինում, երբ չի հաղթում»,- Սիլվայի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ 38-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակին» արժանացել է 5 անգամ՝ 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին:


