Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում խոսել է առաջնության, ակումբի ֆուտբոլիստների ու մի շարք հարցերի մասին:
- Ոգևորվա՞ծ եք առաջնության վերսկումից:
- Միանշանակ կա ոգևորություն, շատ կարևոր էր մեզ համար առաջնության երկրորդ հատվածը սկսել հաղթանակով: Շարժվում ենք առաջ:
- Ինչպե՞ս կամփոփեք ակումբի նախապատրաստական շրջանը՝ հաշվի առնելով, որ բավականին ուժեղ մրցակիցների դեմ էիք խաղում:
- Բավականին լավ նախապատրաստական շրջան անցավ թիմը, գոհ ենք թե՛ կատարած աշխատանքից, թե՛ խաղերի որակից: Երկու անգամ մրցել ենք «Ուրալի» հետ, մեկ անգամ՝ «Զենիթի», մեկ անգամ՝ «Ռոստովի» և մեկ անգամ էլ տեղի թիմերից մեկի հետ:
Բոլոր խաղերում էլ բավականին լավ խաղացինք, գոհ ենք տղաների կատարած աշխատանքից, ցուցադրած խաղից: Հուսով եմ, որ հավաքի ընթացքում ցուցադրած խաղը կկարողանանք ցուցադրել նաև մեր առաջնությունում:
- Դուք ձեր կազմում ունեք շատ ուժեղ ֆուտբոլիստների, բայց նրանք ունեն նաև ամբիցիաներ: Ինչպե՞ս է մթնոլորտը հանդերձարանում:
- Մեզ համար ամենակարևորը թիմ հասկացողությունն է: Յուրաքանչյուրը պետք է իմանա իմ սկզբունքները և թողնի իր անձնական ամբիցիաները, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչ անել՝ թիմային շահը չվնասելու համար:
Ոչ մի ֆուտբոլիստ չունի հատուկ կարգավիճակ, նրանք համարվում են թիմի լիարժեք խաղացող, բայց ոչ ավելի, քան մնացածը:
Մենք պայքարում ենք չեմպիոնության համար և ունենք 25 ֆուտբոլիստ ու, կարելի է ասել, հավասարազոր խաղացողներ են, որոնք կարող են մեկը մյուսին հաջողությամբ փոխարինել:
Մենք չունենք առաջին կամ երկրորդ համար: Եթե մի խաղ խաղացել ենք մի կազմով, դա չի նշանակում, որ կազմը փոփոխման ենթակա չէ, շատ արագ այն կարող է փոփոխվել հաջորդ խաղի ժամանակ:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, որ պետք է ընդունի իմ սկզբունքները և այդ սկզբունքներով մենք պետք է շարժվենք առաջ:


